Այս ընտրություններին մահացածները չե՞ն քվեարկի

Այս ընտրություններին մահացածները չե՞ն քվեարկի
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, նոր ի հայտ եկած ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը եւ էպոսագետ Վարդան Սեդրակյանը երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:  Նրանք երեքն էլ ինքնառաջադրվել են: Փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը կավարտվի հունվարի 4-ին, որից հետո կսկսվի թեկնածուների գրանցումը:



 



Բացի առաջադրումը, ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից որոշ անձինք շարունակում են վերցնել 10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանքները, որը պարտադիր է ընտրություններում մասնակցելու համար: Վարչության պետ Հովհաննես Քոչարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նման բովանդակությամբ տեղեկանք անձնագրային բաժնից վերցրել է 13 հոգի: Երեկ նման բովանդակությամբ տեղեկանքներ վերցրել էին իրենց առաջադրվելու մասին արդեն հայտարարած Հովիկ Աղազարյանն ու Մարտիկ Սարգսյանը, տեղեկանք է վերցրել նաեւ Արամ Հարությունյանը, ով վերջին մի քանի ընտրություններին պարտադիր առաջադրվում է: Հովհաննես Քոչարյանից փորձեցինք պարզել՝ սկսե՞լ են ընտրացուցակները ճշգրտելու, վերջնական տեսքի բերելու աշխատանքները:



 



- Ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներն իրականացվում են խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Այսինքն՝ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետներով մենք մեզ չենք կաշկանդել, որպեսզի ընտրացուցակներն ավելի որակով լինեն: Երբ որ ընտրությունից 40 օր առաջ ցուցակները կհրապարակենք, արդյունքներն էլ այդ ժամանակ կմեկնաբանենք:



 



- Դուք երաշխավորո՞ւմ եք, որ ընտրությունների ժամանակ կունենանք «մաքուր» ցուցակներ՝ զերծ մահացած, երկրից բացակայող, գրանցման վայրը վաղուց փոխած քաղաքացիներից:



 



- Համոզված եմ, որ մենք լավ ցուցակներ ենք ունենալու: Դրա համար արվում է ամեն ինչ:



 



- Դա ասվում էր նաեւ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն իրականությունը բոլորովին այլ էր: Ընտրողների թիվն ակնհայտորեն ուռճացված էր, մեկ հասցեի վրա 100-ից ավելի մարդ էր գրանցված, ընտրացուցակներում էլ ընդգրկված էին բազմաթիվ մահացած, Հայաստանում չբնակվող մարդիկ:



 



- Ես Ձեզ հետ համակարծիք չեմ, մահացածների անունները շատ-շատ քիչ էին, մեկ-երկու դեպք եղել է, թե չի եղել: Ցուցակները խորհրդարանական ընտրություններից առաջ շատ լավն են եղել: Բոլոր նախորդ ընտրություններից անհամեմատելի մաքուր:



 



- Պարոն Քոչարյան, ամեն օր բարձրաձայնվող հսկայական չափերի հասնող արտագաղթի ֆոնին Դուք հայտարարում եք, որ ԱԺ ընտրություններից հետո ընտրողների թիվն ավելացել է: Դա ինչպե՞ս ընկալել:



 



- Դա պայմանավորված է առաջինը 18 տարին լրացած անձանցով, ովքեր ընտրական իրավունք են ձեռք բերել ԱԺ ընտրություններից հետո: Ավելացել է նաեւ քաղաքացիություն ձեռք բերած անձանց թիվը, ավելացել է նաեւ ճանաչման հիմքով անձնագրավորված անձանց թիվը, եւ կային մի քանի հազարի հասնող քաղաքացիներ, ովքեր 16-22 տարեկան են եւ առաջին անգամ են անձնագրավորվել:



 



- Բացառո՞ւմ եք կեղծ անձնագրերի միջոցով քվեարկությունը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ «մեթոդը» կարծես թե գործի դրվեց:



 



- Ես նույնիսկ չեմ ուզում նման անհեթեթությանն արձագանքել: Եթե կեղծ անձնագրի մի դեպք լինի, դուք պատկերացնո՞ւմ եք ինչ աղմուկ կարող է բարձրանալ: Կեղծ անձնագիր՝ նշանակում է կեղծ անհատական տվյալներով անձնագիր, բայց դրանք անհեթեթություններ են: Ընդամենը շահարկումների հերթական փուլն է սկսվում, ուրիշ լուրջ բան չկա: