Շուրջօրյա հերթապահություն ԿԸՀ-ում

Շուրջօրյա հերթապահություն ԿԸՀ-ում
ՀՀ նախագահի թեկնածուների դիմումները ԿԸՀ-ն ընդունելու է դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 4-ը: Փաստաթղթերի ԿԸՀ հանձնումը, փաստորեն,  համընկնում է ամանորյա տոների հետ: «Որպեսզի որեւէ խոչընդոտ այս հարցում չլինի, դեկտեմբերի 29-ից նշանակել ենք շուրջօրյա հերթապահություն, եւ, բացի մի քանի վարչություններից, ԿԸՀ համապատասխան վարչություններն այդ օրերին կաշխատեն լիարժեք ռեժիմով, որպեսզի մեզ դիմող նախագահի ապագա թեկնածուները որեւէ խնդիր չունենան փաստաթղթերը հանձնելիս»,- մեզ տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ըստ նրա` այդ օրերին նույն ռեժիմով են աշխատելու խնդրին առնչվող մյուս գերատեսչությունները եւս` ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը, ինչպես նաեւ նոտարական որոշ գրասենյակներ. որոշվել է, որ այդ օրերին պետք է աշխատեն Կենտրոն վարչական շրջանի երկու նոտարական գրասենյակներ, որոնց պետերի հեռախոսահամարները նույնպես հրապարակվել են, եւ թենածուները ցանկացած պահի, ցանկացած խնդրով կարող են նրանց զանգահարել: Նրբություններ կան բանկային համակարգի հետ կապված, որովհետեւ հերթապահություն այդ հիմնարկներում հնարավոր չէ սահմանել այն պարզ պատճառով, որ բանկը նախեւառաջ նշանակում է անվտանգության ծառայություն եւ հերթապահելու դեպքում պետք է աշխատի ողջ աշխատակազմով, ուստի, ելնելով օրենքի ընձեռած հնարավորությունից, ԿԸՀ-ն կարող է թեկնածուից փաստաթղթերը վերցնել մասնակիորեն` տասնօրյա ժամկետով տալով նրան, որ լրացնի փաստաթղթերը: «Այս հարցն էլ տոնական օրերին փորձել ենք լուծել այդ կերպ»,- տեղեկացրեց Տիգրան Մուկուչյանը: