Ֆորս-մաժորի շարքից

Ֆորս-մաժորի շարքից
Չարաղետ մահափորձից հետո կարծես թե կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, կարելի է սթափ ուղեղով եւ փիլիսոփայորեն նայել կատարվածին: Եթե հրաժարվենք այն տեսությունից, որ ամեն ինչ որոշվում է հանցագործ ու հողեղեն շրջանակներում, մեղսավոր ու մեղսունակ մահկանացուներիս կողմից, եւ հավատանք, որ ինչ-որ բան կառավարվում է ի վերուստ կամ վերերկրյա ինչ-որ ծրագրավորման արդյունքում, ապա պետք է արձանագրենք, որ Հայրիկյանի հետ կատարվածը իշխանությանն ուղղված սթափության կոչ էր:



 



Երբ տարիներ շարունակ ոչնչացնում էին ընտրական համակարգը, փչացնում մարդկանց՝ ընտրակաշառքների ու ընտրակեղծիքների կուռ համակարգեր ձեւավորելով: Երբ մեջտեղից հանում էին իրենց մրցակիցներին, սպառնալիքների ու ճնշումների միջոցով ընտրություններն ավարտում ընտրություններից շատ առաջ: Երբ բոլոր առիթներով հոխորտում էին, թե՝ մեր դեմ խաղ չկա, եւ գրավում էին պառլամենտի բացարձակ մեծամասնությունը: Երբ բոլոր օղակներում հանրապետականացնում էին համայնքային, քաղաքացիական կամ այլ պետական ծառայողների... կարծում էին, թե հարցերն արմատապես լուծել են: Այլեւս ի՞նչը կարող է խանգարել Հանրապետականի ու նրա թեկնածուների հաղթարշավին:



 



Ու հենց նման պահերին հայտնվում է «ֆորս-մաժոր» կոչվող անակնկալը, որը մի անգամ քիլերի տեսք կունենա, մյուս անգամ՝ ջրհեղեղի ու այլ տարերային աղետի եւ կխափանի ընտրությունները ձեւականացրած, ընտրական գործընթացները սեփականացրած իշխանությունների մանրակրկիտ մտածած ծրագիրը: Եվ եթե այս անգամ Հայրիկյանի «հարմարվողականության», ընդդիմության թուլության կամ այլ հանգամանքների արդյունքում դա կմարսվի, ապա հաջորդ անգամ կարող է իշխանությունների բախտն այլեւս «չբերել»: Մեր երկրի նման փոքր երկրում դա կարող է կատարվել շատ արագ եւ անսպասելի: