Չարություն եւ նախանձ

Չարություն եւ նախանձ
Բարդ իրավիճակում են հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը՝ ամեն կողմից կասկածներ, հեգնանք, անվստահություն, դավաճանության մեղադրանքներ, թերահավատություն:



 



Մի կողմից, մեր բոլորիս տառապանքը փորձ ունի, եւ 2008-ի փառահեղ շարժման անկումը տեսած ժողովուրդը չի կարող անվստահությամբ չվերաբերվել Րաֆֆիի թիմին: Չէ՞ որ եւ կազմակերպական առումով, եւ գաղափարապես, եւ պոտենցիալով Տեր-Պետրոսյանի թիմն ավելի ուժեղ էր ու հասուն, ուստիեւ հաղթանակի շանսերն էին ավելի մեծ: Հիմա ի՞նչ հույսեր փայփայի խեղճ ընտրողը, երբ ասպարեզ է իջել մի թիմ, որը 2012-ի խորհրդարանական ընտրություններում հազիվ 5 տոկոսի շեմը հաղթահարեց, այն էլ ինչ-որ անհասկանալի դաշինքի արդյունքում: Ապա առաջնորդը հրաժարվեց մանդատից, հայտնվեց քաղաքական սկանդալի կենտրոնում, դաշինքը պառակտվեց, ինչ-որ մարդիկ դուրս եկան կուսակցությունից ու խմբակցությունից: Մի խոսքով՝ աննախանձելի ընթացք: Իսկ Րաֆֆու կենսագրությունն ընդհանրապես անբացատրելի քայլերի շարան է:



 



Հիմա, աննախադեպ արդյունքներ արձանագրելով ընտրություններում, «Ժառանգությունը» հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում: Եվ բոլորը մանրադիտակով հետեւում են Րաֆֆու ու նրա թիմակիցների յուրաքանչյուր բառին, շարժումին: Իսկ էքստրեմալ վիճակում հայտնված մարդիկ չեն կարող վրիպումներ, սայթաքումներ չունենալ: Այնպես չխոսեց, այնպես չշարժվեց, այս բառը տեղին չէր, այն քայլը պետք է ավելի վաղ աներ, մյուսը ուշացրեց եւ այլն: Չափից ավելի պահանջկոտությունը գուցե վատ բան չէ, բայց ծաղրն ու հեգնանքը կամ կուլտուրայի պակասից է, կամ չարությունից ու նախանձից: Անհաջողակներին ու իրենք իրենց լուսանցքում դրած ուժերին ոչինչ չի մնում, քան քամահրանքով վերաբերվել Րաֆֆուն, ով արեց այն, ինչ իրենք երազում են տեսնում: