Փորձած թանն ու անփորձ մածունը

Փորձած թանն ու անփորձ մածունը
Այս օրերին մեզանում շարունակ լսվում են վրդովմունքի բացականչություններ՝ այս կամ այն գերտերության կողմից մեր ընտրությունների արդյունքները ճանաչելու եւ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձների տարափի կապակցությամբ: Ի վերջո, ինչո՞ւ է շտապում միջազգային հանրությունը, եւ ի՞նչն է նրան դրդում ընտրական փաստաթղթերի թանաքը չչորացած, արդյունքների վիճարկման օրինական ժամկետները չլրացած՝ շնորհավորել մի նախագահի, որի ժողովուրդը բողոքի ակցիաներ է անում եւ չի ճանաչում իր աչքի առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:



 



Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն աշխարհի համար կանխատեսելի նախագահ է՝ 5 տարի նրա հետ հարաբերվելու ընթացքում միջազգային հանրությունը համոզվել է, որ նա իրենց նախանշած ուղուց չի շեղվի՝ կանի այն, ինչ կասեն: Իսկ այ, Րաֆֆի Հովհաննիսյանն այն «անփորձ մածունն» է, որի վրա հույս դնել հնարավոր չէ: Եվ սրա պատճառը միայն այն չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գործ չեն ունեցել եւ չգիտեն, թե նա ինչի է ընդունակ: Սրա պատճառներից գլխավորը պետք է փնտրել հենց Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրի մեջ:



 



Այն ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, որ նա պատրաստվում է վարել նախագահ դառնալուց հետո եւ հատկապես Լեռնային Ղարաբաղը ճանաչելու դրույթը բավական են, որպեսզի «Ժառանգության» լիդերը, ԱՄՆ-ի նախկին քաղաքացին, մեզանում արեւմտամետի համարում ունեցող քաղաքական գործիչն անցանկալի ճանաչվի այդ նույն Արեւմուտքի համար: ԼՂՀ-ն Հայաստանի կողմից ճանաչելու մասին ծրագրային թեզը, որ նա տարիներ շարունակ անկոտրում առաջ է տանում, հենց այն խութն է, որը հառնել է իր նախագահ դառնալու ճանապարհին: Անշուշտ, այլ խութեր էլ կան, սակայն միայն դա բավական է, որ Օլանդներն ու Օբամաները շտապեն ճանաչել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: