Զիջելու արվեստը

Զիջելու արվեստը
Ինչո՞ւ չի ուզում իշխանությունը զիջել սեփական ժողովրդին ու ընդդիմությանը ինչ-ինչ հարցերում: Տարիներ շարունակ հասարակությունը պահանջում է, որ իշխանությունը գոնե մեկ անգամ արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպի:



 



Տարիներ շարունակ հասարակությունը դժգոհում է դատական համակարգից եւ պահանջում, որ արդար ու անկախ դատական համակարգ ձեւավորվի: Տասնամյակներ շարունակ հանրությունը բողոքում է կոռումպացված չինովնիկներից, հարկային-մաքսային մարմիններից, ոստիկան-դատախազ-քննիչներից, պետավտոտեսուչներից, բանակում տիրող վիճակից եւ այլն, ի՞նչ հաջողություններ է գրանցել իշխանությունն այս բոլոր ոլորտներում, ի՞նչ բարեփոխումներ է իրականացրել, որոնք կփոխեին մեր երկրի մթնոլորտը, բիզնես միջավայրը, հարկային դաշտը, մարդկանց համար ապրելու եւ ստեղծագործելու բարենպաստ միջավայր կստեղծեին:



 



Ոչ մի միլիմետր իր գրաված «բարձունքներից» չնահանջող իշխանությունն ի՞նչ է ի վերջո շահում՝ բացի հակակրանքից, ատելությունից, բողոքի ու դժգոհության աճից, հասարակական ընդվզումի տեսարաններից: Չէ՞ որ երբ Արմեն Աշոտյաններն ու Կարեն Ավագյանները ծաղրում են ընդդիմությանը եւ հեգնանքով հայտարարում, թե ոչ մի բանում չեն զիջելու, ամեն ինչ հոյակապ է, երբ իշխանությունն ասում է՝ խորհրդարանը չեմ ցրելու, ընտրությունների երկրորդ փուլ չեմ անելու, ոչ մի ընտրակեղծարարի չեմ պատժելու, ոչ մեկին գործից չեմ ազատելու, դրանով ավելի է սրում իրավիճակը: Այս պարագայում իրավիճակը սրողը բոլորովին էլ ընդդիմությունը չէ, այլ զիջելու, փոխվելու, ընդառաջելու անընդունակ իշխանությունը, որը չի հասկանում, որ այսպես շարունակելու դեպքում մի օր չարաչար պատժվելու է՝ նսեմացած, ճնշված, ճնշումներից գազազած ժողովրդի կողմից: