Ահա կոնկրետ քայլը

Ահա կոնկրետ քայլը
Երեկ Ազատության հրապարակում հնչած ելույթներից մի քանիսը բուռն դժգոհությունների տեղիք է տվել՝ ընդդիմությունն օրակարգային է համարում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելն ու հաղթելը:



 



Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ձեւակերպեց խնդիրը: «Այսօր իշխանության հասնելու` շարժման առաջին հանգրվանը մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններն են: Հայաստանի նման երկրում Երեւանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար վստահաբար կունենա վճռական նշանակություն իշխանության միահեծան այս վիճակը փոխելու եւ իշխանություններին շատ ավելի լուրջ զիջումներ պարտադրելու ճանապարհին»,- ասաց նա:



 



Դժգոհողներն ասում են՝ մենք ՀՀ նախագահ ենք ընտրել, եւ եթե Րաֆֆին մեզ շեղում է ավագանու ընտրությունների ուղղությամբ, ուրեմն դավաճանում է մեզ, ուրեմն Բաղրամյան 26-ի կամակատարն է եւ այլն: Դժվար է այսպես խոսողների տրամաբանությունը հասկանալ. մի կողմից՝ նրանք կոնկրետ քայլեր են ուզում եւ արդյունքներ, մյուս կողմից՝ դեմ են կոնկրետ քայլերին ու գործողություններին: Եթե նրանց հարցնես, թե վերջապես ինչ են պատկերացնում «կոնկրետ քայլերի» տակ, դժվար թե որեւէ կոնկրետ բան նշեն: Հանրահավաքներից հոգնել են, բանակցությունները մերժում են, Սահմանադրական դատարան դիմելը համարում են անմտություն, հացադուլը ծաղրում են, դասադուլ ու գործադուլ կազմակերպել չեն կարողանում: Ի՞նչ մնաց տակը՝ զինված հեղաշրջո՞ւմը:



 



Բայց սրանք նաեւ Մարտի 1-ի «մեղավորներին» էլ չեն կարողանում ներել ու հասկանալ: Մինչդեռ Երեւանը Հայաստանի երկու երրորդն է, նրա հիմնական բաստիոնը: Երեւանը նվաճելը հաղթանակի ոգի ու ոգեւորություն կբերի: Կապացուցի, որ հաղթելն այդքան էլ բարդ չէ: Եվ դա հնարավոր է անել խաղաղ ճանապարհով: