Անորոշ տագնապ

Անորոշ տագնապ
Ինչ-որ անորսալի տագնապ կա մթնոլորտում: Չգիտեմ ինչով է այն պայմանավորված: Գուցե պատճառը ընտրությունների արդյունքում ընտրողների վրդովմունքի չհանդարտվող զգացումն է, որը շարունակում է պղտորել մարդկանց հոգիները: Գուցե հետընտրական պայքարի ալիքն է, որը հեղեղի նման դեմ է առել մի անհաղթահարելի պատվարի ու իր ելքը չի գտնում:



 



Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն է պատճառը եւ նրա նախօրեի ելույթը, որտեղ դառը խոսքեր ասվեցին, եւ ծայրահեղ քայլերի հակված քաղաքական գործչի վճռականություն կար: Գուցե Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցն է պատճառը, որ մենք ազգովի ինչ-որ վատ բանի սպասում ունենք՝ Հյուսիսից թելադրված պարտադրանքի տեսքով: Իսկ գուցե մեր ողջ երկիրը՝ իր տնտեսությամբ, քաղաքական ու մշակութային միջավայրով հայտնվել է փակուղու մեջ, եւ դրանից ելքե՞րը չեն երեւում: Այս օրերին կարծես բոլորն են լարված՝ ընդդիմադիր ու իշխանական, ահել թե ջահել: Բոլորն ինչ-որ վատ բանի սպասում ունեն, անորոշ դժգոհություն, աղետի կանխատեսում:



 



Մի բան հստակ է, որ բոլորի ներսում մի եզրակացություն է հասունացել. այսպես շարունակել չի կարելի: Մեզ վճռական որակական փոփոխություններ են անհրաժեշտ: Եվ եթե իշխանությունն այդ գիտակցությունը, այդ պահանջը, այդ վճռականությունը չունի, պետք է հեռանա: Կամ փոփոխություններ, կամ հրաժեշտ պաշտոններին: Երրորդը չկա: Երրորդը, այսինքն՝ անշարժությունը, ստատուս-քվոն պահպանելը կարող է ավելի վտանգավոր լինել: Իսկ հետեւանքները՝ աղետալի: Եվ այդ փոփոխությունները չեն կարող նշանակել այս կամ այն մարզի ղեկավարի փոփոխություն: Դրանք պետք է լինեն սկզբունքային ու անդառնալի: Գուցե ելքը խորհրդարանը ցրելն է կամ Երեւանի քաղաքապետի պաշտոնը ընդդիմությանը զիջելը՝ չգիտեմ: Ելքը պիտի գտնի գործող վարչախումբը: