Առճակատում ՀՀԿ-ԲՀԿ երիտգվարդիաների միջեւ

Առճակատում ՀՀԿ-ԲՀԿ երիտգվարդիաների միջեւ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղուցվանից է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիրախում, սակայն եթե մինչ օրս նա ու իր շրջապատը բավականին հանդուրժող էին ԲՀԿ-ական գրոհների նկատմամբ, ապա վերջին օրերին կրքերն ակնհայտորեն սրվել են: Թերեւս Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսն է նրանց ոգեւորել, եւ վարչապետի ճամբարում որոշել են  ակն ընդ ական հակահարված հասցնել ԲՀԿ-ի կրիտիկային եւ ԲՀԿ-ի «դեմն դնել» կոնկրետ հանցանքներով, որոնք տարիներ շարունակ իրականացվել են նրանց ղեկավարած ոլորտներում: Թիրախը, մասնավորապես, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանն է: Այս ոլորտում բացահայտված կոռուպցիան ու յուրացումները որոշել են ջրի երես հանել: Այս օրերին ԲՀԿ-ն էլ է մոլեգնած՝ տեւական ժամանակ իշխանության հետ բանակցություններում նրա պահանջը եղել է վարչապետի պաշտոնանկությունը, եւ հույս ունեին, որ ընտրություններից հետո գոնե Սերժ Սարգսյանը կգնա այդ քայլին՝ մանավանդ իրենք հնազանդվեցին ու նախագահի ընտրությունում թեկնածու չդրեցին: Բայց պարզվեց՝ այդ զոհողությունն անիմաստ էր ու չի գնահատվել:



Նախօրեին ԱԺ դահլիճում ՀՀԿ-ԲՀԿ թեժ մենամարտեր էին գնում, ինչից հետո հայտնի ու անհայտ երիտՀՀԿ-ականները, այդ թվում վարչապետի օգնականը, նետվեցին մարտի՝  «Ֆեյսբուքն» ու կայքերը ողողելով իրենց սուր հակադարձումներով ու ԲՀԿ-ական հանցանքների մասին ակնարկներով: Այս փոխհրաձգությունը փաստում է, որ Գագիկ Ծառուկյան-Տիգրան Սարգսյան պայքարը տեղափոխվել է հրապարակային բաց հարթակ: Թերեւս կառավարությունում հույս ունեն բացահայտ ակնարկներով հանդարտեցնել հակառակորդի «գարնանային սրացումները»: Այս մասին փորձեցինք պարզաբանում լսել «մահապարտներից» մեկից՝ վարչապետի օգնական Միհրան Հակոբյանից: «Ինչպես արդեն անդրադարձել եմ, արձագանքելու ենք ստին, ապատեղեկատվությանը եւ հերյուրանքին: Միեւնույն ժամանակ, այդ արձագանքը բացառելու է անձնական վիրավորանքներ, պիտակավորումներ եւ զոռբայություն»: Այսինքն, նախկինում հնչեցրած քննադատությունների հետ համաձա՞յն էին, որ այդպես սուր չէր արձագանքը, հարցրինք վարչապետի ներկայացուցչին: «Ոչ, չեմ կարծում, թե ճիշտ կլինի խնդիրներին նման տրամաբանությամբ պատասխանելը: Մենք միշտ էլ անդրադարձել ենք ցանկացած տեսակի հերյուրանքներին եւ կեղծիքներին»: Մինչ Միհրան Հակոբյանը պնդում է, որ հակառակ ճամբարը զրպարտում է վարչապետին, Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է վարչապետին մտնել ոստիկանության ցանկացած բաժին ու «ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել»: ԲՀԿ-ական վերլուծաբանին հորդորեցինք ներկայացնել 2-3 կամ գոնե մեկ կոնկրետ հանցանք, որոնց համար անհապաղ պատասխանատվության պետք է ենթարկվի նրանց թիրախը: «Ես ընդամենը մեկ բան եմ ուզում նշել՝ ժողովրդի արածի վերաբերյալ: Կոնկրետ, եթե մանրամասնություններ եք ուզում, ես սպասում եմ իմ հնչեցրած հարցերի պատասխաններին»,-ասաց նա: Իհարկե, Տիգրան Սարգսյանի հանցանքների մասին շարքային քաղաքացին ավելի շատ փաստարկներ կարող է ներկայացնել ու ահազանգել, քան ԲՀԿ-ական ճակատը, որը պակաս ներդրում չունի այդ հարցում: Չէ՞ որ ժողովուրդը հիշում է, որ ԲՀԿ-ն մեկ տարի էլ չկա, ինչ վայր է դրել նախարարական պորտֆելները: Չի մոռացվել նաեւ Տիգրան Ուրիխանյանի վարքագիծը, երբ մայրաքաղաքի կենտրոնում, օրը ցերեկով իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել իրավապաշտպան Միքայել Դանիելյանի ուղղությամբ:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]