Բոլորն էլ՝ հաղթելու ակնկալիքով

Բոլորն էլ՝ հաղթելու ակնկալիքով
Ավարտվեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու ժամկետը:



 



Երեկ մինչեւ 18:00-ն ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրեց 6 կուսակցություն՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը՝ արդեն գրանցված կուսակցության ձեւաչափով, ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված «Առաքելություն» կուսակցությունը եւ մեկ դաշինք՝ «Բարեւ, Երեւան»-ը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», Պահպանողական կուսակցություններից, ՀԱՍԿ-ից, ինչպես նաեւ մշակութային, հասարակական գործիչներ ու քաղաքացիական ակտիվիստներ: ՀՀԿ ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՅԴ-ինը` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ինը` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՕԵԿ-ինը` ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀԱԿ-ինը` Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, «Բարեւ, Երեւան» դաշինքը կամ նույն՝ «Ժառանգության» ցուցակը՝ կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, իսկ «Առաքելություն» կուսակցությանը` կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը:



 



Երեկ հիշյալ կուսակցությունների ներկայացուցիչները փաստաթղթերի տրցակները թեւների տակ ԿԸՀ գալիս էին մեծ ակնկալիքներով, ոգեւորված եւ վճռական եւ, իհարկե, վստահ, որ անպայման հաղթելու են: Յուրաքանչյուրն իր ցուցակը մրցունակ էր համարում՝ յուրովի բացատրելով, թե ինչու: Օրինակ, նորաստեղծ «Առաքելությունը» կարծում է, որ իր ցուցակը մրցունակ է, քանի որ այնտեղ ընդգրկված են բարձրագույն կրթությամբ անձինք: «Զուտ մրցակցային առումով, մեր ցուցակի կրթական ցենզը նայեք՝ մեզ մոտ կան ասպիրանտներ, դասախոսներ… մեր կրթական ցենզի, զբաղվածության, սեփական կյանքը, կենցաղը պատկերացնելու որեւիցե խնդիր չունենք: Պարզապես ուրիշ կուսակցություններին որակումներ տալու փոխարեն մեր դեմքով հանդես գանք ու քաղաքական արենայում մեր գաղափարները ներկայացնենք»,-փաստաթղթերը ներկայացնելուց առաջ ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը:



 



ՀԱԿ անդամ, ցուցակի չորրորդ համար Վլադիմիր Կարապետյանն էլ ասաց, որ ընտրվելու դեպքում առաջին հերթին քաղաքում վերականգնելու են արդարությունը, որոշումների կայացման եւ իրականացման թափանցիկությունը: «Ուզում ենք ուղերձ հղել ժողովրդին, որ շատ վճռական ենք պայքարելու քաղաքապետի պաշտոնի համար: Համարում ենք, որ այս ընտրությունները քաղաքական ընտրություններ են, եւ առաջիկայում ներկայացնելու ենք քաղաքի կառավարման մեր ծրագրերն ու մոտեցումները»,- ասաց Կարապետյանը: Նշենք, որ ԿԸՀ-ն 10 օրում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը, եւ եթե հայտնաբերվեն անճշտություններ, թերություններ, ապա մինչեւ փաստաթղթերի գրանցման ավարտը՝  մարտի 31-ը, կուսակցությանը կամ դաշինքին դրանք վերացնելու ժամկետ կտրամադրվի: Դրանից հետո կավարտվի գրանցումը, եւ ապրիլի 7-ին կմեկնարկի քարոզարշավը: