«Եվրասիական ինտեգրացիայի» նոր նրբերանգները

«Եվրասիական ինտեգրացիայի» նոր նրբերանգները
Ուկրաինայի նշանակությունը հետխորհրդային տարածքում զարգացող ինտեգրացիոն գործընթացներում աճում է: Սա ակնհայտ է, եւ այդ պատճառով էլ Կիեւի դիրքորոշումը կարող է սկզբունքային նշանակություն ունենալ ինչպես Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացման, այնպես էլ Ռուսաստանի նախաձեռնությամբ սկիզբ առած Եվրասիական միության ձեւավորման առումով:



 



Որովհետեւ Ուկրաինան իր աշխարհագրական դիրքով որոշիչ նշանակություն ունի նաեւ Հարավային Կովկասի պետությունների կողմնորոշման տեսանկյունից: Եթե Կիեւն ընտրություն կատարի եվրաինտեգրացիայի օգտին, Հարավային Կովկասի պետությունների մասնակցությունը նույնպես դառնում է իմաստավորված: Եվ հակառակը, դեպի Եվրասիական միություն թեքվելը, ըստ ամենայնի, կփակի նաեւ մեր տարածաշրջանի եվրաինտեգրման հեռանկարը, որովհետեւ Ուկրաինան աշխարհագրական առումով յուրօրինակ կապող օղակ է Եվրոպայի եւ Հարավային Կովկասի միջեւ: Դերակատարություն, որը կարող էր ստանձնել նաեւ Թուրքիան, եթե չլինեին հայ-թուրքական հարաբերությունների ծանրացած «թնջուկը» եւ Եվրոպայի բնական անտագոնիզմը՝ այդքան խոշոր իսլամական պետությունից բխող բազմաթիվ վտանգների հետ կապված:



 



Այժմ ռուս-եվրոպական մրցակցությունն Ուկրաինայի շուրջ սրվում է, ինչն իհարկե պայմանավորված է Ռուսաստանի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիայի նախագծով: Մոսկվայում չեն թաքցնում, որ Եվրասիական միության հաջողությունը զգալիորեն պայմանավորված է բնակչությամբ եւ տնտեսության ու շուկայի ծավալով երկրորդ հետխորհրդային պետության մասնակցությամբ: Այդ պատճառով, չնայած ռուսական նավատորմը մինչեւ 2042թ. Սեւաստոպոլում թողնելու Կիեւի հետ պայմանավորվածությանը, Ռուսաստանը շարունակում է ճնշում գործադրել Ուկրաինայի նկատմամբ՝ օգտագործելով հատկապես բնական գազի մատակարարման սակագինը, որը, Մոսկվայի առաջարկով, կարող է էապես նվազել, եթե Ուկրաինան հայտնվի Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միության մեջ:



 



Մարտի 4-ին կայացած Պուտին-Յանուկովիչ հերթական հանդիպումն այս իմաստով բացառություն չէր, եւ, դատելով ՌԴ նախագահի շատ սառը արձագանքից, Պուտինն ակնհայտորեն դժգոհ էր Կիեւի շարունակական համառությունից: Յանուկովիչն այդպես էլ որոշակի ոչինչ չասաց եռյակի մաքսային միության մաս կազմելու հետ կապված՝ գերադասելով համագործակցության այլ ձեւաչափ գտնելու մասին շատ ընդհանուր եւ մշուշոտ ձեւակերպումները: Բանը հասավ այնտեղ, որ ռուսական պաշտոնական ԶԼՄ-ներն սկսեցին բավական կոպիտ բնութագրումներ տալ Ուկրաինայի նախագահին: Թեպետ ռուսական փորձագիտական հանրության մեջ շարունակում է գերիշխել տեսակետը, թե Յանուկովիչն առավելագույն ռուսամետ նախագահն է ուկրաինական ներկա քաղաքական իրողությունների պայմաններում, երբ Գերագույն Ռադայի գրեթե կեսը կազմում են չափավորից մինչեւ ծայրահեղ ազգայնականները, որոնք ավանդական արեւմտյան կողմնորոշում ունեն, ու Յանուկովիչի Տարածաշրջանների կուսակցությունը հազիվ է ապահովում պարզ մեծամասնություն:



 



Այժմ պարզվում է, որ կողմերն իսկապես համագործակցության այլ ձեւաչափի որոնման մեջ են, եւ Կիեւի համառությունը կարծես հանգեցրել է նրան, որ Մոսկվայում որոշել են ավելի ճկուն դարձնել Եվրասիական միության ձեւավորման մեխանիզմը: Ըստ «Զերկալո նեդելի» ուկրաինական պարբերականի, ձեւավորվել է համաձայնություն, որ Ուկրաինան կարող է ստանալ եռյակի մաքսային միության «ասոցացված անդամի» կարգավիճակ: Եվ որ Պուտինի ու Յանուկովիչի համաձայնությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ համագործակցության այդ ձեւաչափին ինչ-որ իրավական ձեւ տալու համար: Ռուսական  կողմից հանձնաժողովը գլխավորում է կառավարությունում Պուտինի ամենավստահելի մարդկանցից մեկը՝ փոխվարչապետ Ի. Շուվալովը, իսկ ուկրաինական կողմից՝ նրա գործընկեր Յու. Բոյկոն: Նախագահ Յանուկովիչն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիր Մաքսային միության հետ համագործակցության ձեւաչափի վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին:



 



Առաջին հայացքից թվում է, թե Կրեմլը, քայլ առ քայլ մեծացնելով ճնշումը, նույն ձեւով էլ հասնում է վերջնական նպատակին: Բայց այս փաստը կարելի է դիտարկել նաեւ իբրեւ հակառակ իրողություն: Այսինքն՝ ճնշումը ցանկալի արդյունք չի տալիս, եւ Մոսկվան ստիպված է նոր ձեւեր որոնել ու ճկունություն ցուցաբերել նոր «միութենական կոնֆիգուրացիայի» ձեւավորման ճանապարհին: Թեպետ եռյակի Մաքսային միության հիմնադիր փաստաթղթերում ոչ մի «ասոցացված անդամի» կարգավիճակ նախատեսված չէ, եւ Ուկրաինային այդպիսի կարգավիճակ տրամադրելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան իրավական ընթացակարգով ձեւավորել այն:



 



Որքանով հասկանալի է դառնում ուկրաինական կողմի մեկնաբանություններից, Մաքսային միությանը ասոցացված անդամակցությունը չպետք է ենթադրի սահմանափակումներ եվրաինտեգրման մասով: Այսինքն, չպետք է խանգարի Կիեւին՝ հասնելու նաեւ Եվրամիության ասոցացված անդամի կարգավիճակի: Մոսկվայում այս մասով մեկնաբանություններից խուսափում են, քանի որ ցանկացած դեպքում Կրեմլը աշխատելու է իրավիճակից քամել առավելությունը:



 



Բայց իրադրությունն այս առումով կարեւոր է եւ ուսանելի Հայաստանի համար, որն արդեն մեկ տարուց ավելի նույնպես հայտնվել է «եվրասիական մուրճի» եւ «եվրոպական զնդանի» միջեւ:



 



Երեւանն առայժմ ոչ մեծ մանեւրի դաշտ ունի՝ ելնելով հետընտրական իրավիճակից, եւ կարող է ձգձգել Մաքսային միության հետ կապված դիրքորոշման հստակեցումը, միաժամանակ հետեւելով Մոսկվա-Կիեւ բանակցություններին: Եվ եթե Ուկրաինային հաջողվի Մաքսային միության ասոցացված անդամի կարգավիճակ ստանալ ու միաժամանակ շարունակել եվրաինտեգրման քայլերն Արեւելյան գործընկերության շրջանակում, ապա այդ մոդելը կարող է կիրառելի լինել նաեւ Հայաստանի համար՝ Մոսկվայի կտրուկ պարտադրանքից խուսափելու առումով: Ճիշտ է, դեռ հարց է, թե ինչպես է Կիեւի նոր մարտավարությանը վերաբերվելու Բրյուսելը, եւ որքանով եռյակի մաքսային միությանն Ուկրաինայի «ասոցացումը» հնարավորություն կտա համարժեք համաձայնագիր կնքել նաեւ Եվրամիության հետ:



 



Եվրոպական եւ եվրասիական ինտեգրումը համատեղելու Հայաստանի ղեկավարության հայտարարությունները եվրոպական չինովնիկների հավանությանը չարժանացան: Եթե Ուկրաինայի դեպքում Բրյուսելն ավելի հանգիստ արձագանքի, ուրեմն Հայաստանը եւս կունենա միակողմանի ազդեցության ձեւաչափից խուսափելու հնարավորություն:



 



Այլ բան է, թե Մոսկվայի հետ բազմաթիվ թելերով կապված Հայաստանի իշխանությունները որքանով կկարողանան այդպիսի ճկունություն դրսեւորել՝ ելնելով այն իրողությունից, որ Երեւանն ու Կիեւը, այդուհանդերձ, տարբեր «քաշային կարգերում» են:



 



Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ