Խեղճ ու զավեշտական

Խեղճ ու զավեշտական
Ապրիլի 9-ը հայտարարվել է ճամփաբաժան: Նախագահի երդմնակալության արարողությունը, փաստորեն, երկու մասի է բաժանել առանց այն էլ պառակտված մեր հասարակությանը, եւ բոլորն այս օրերին փորձում են պարզել, թե ով է բարիկադների այս կողմում  եւ ով՝ բարիկադների այն կողմում:



 



Պատահական չէ, որ լրատվամիջոցներն այս օրերին զբաղված են մի բանով՝ հարցուփորձ են անում անհատներին, կուսակցությունների ներկայացուցիչներին՝ գնալո՞ւ եք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, մասնակցելո՞ւ եք Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռնարկած այլընտրանքային ինաուգուրացիային: Նման հարցադրումներ են հնչում նաեւ ավելի ստորին օղակներում՝ սոցիալական ցանցերում, կուսակցությունների գրասենյակներում, փողոցում: Յուրաքանչյուր կողմից հնչում են մեղադրանքներ ու սպառնալիքներ՝ ով չգա մեր արարողությանը, ուրեմն մեզ հետ չէ: Ուրեմն մեզ դեմ է, ուրեմն մեզ «պրիզնատ» չի գալիս եւ այլն: Եթե իշխանության սպառնալիքները կոնկրետ են եւ հետապնդումների բնույթ են կրում, ընդդիմադիրների սպառնալիքները բարոյական են եւ կենցաղային շանտաժի տեսք ունեն:



 



Եթե փորձենք որեւէ օտարերկրացու աչքերով նայել Հայաստանում կատարվող իրադարձություններին, կտեսնենք, որ աշխարհի ոչ մի երկրում միանգամից 2 նախագահի 2 ինաուգուրացիա չի եղել: Սա ոչ միայն նոնսենս է, այլեւ պարզապես զավեշտալի վիճակ: Աշխարհի ոչ մի երկրում նախագահի երդմնակալությանը մասնակցելը յուրօրինակ վստահության հանրաքվեի չի վերածվել, ինչպես փորձում են անել մեզանում: Աշխարհի ոչ մի երկրում ընտրությունները չեն փոխարինվել հրապարակներում մարդագլխաքանակով «ընտրություն» կազմակերպելու ակցիաներով: Սրանք երեւույթներ են, որ զուտ հայկական են եւ կարելի է համարել մեր «ներդրումը» համաշխարհային քաղաքական մշակույթի ասպարեզում: