Ովքեր են ներկայացված մանկավարժականի թանգարանում

Ովքեր են ներկայացված մանկավարժականի թանգարանում
Մի քանի ամիս է, ինչ Հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվել է համալսարանի թանգարան, որտեղ ներկայացված են բուհի պատմությունը, նրա մասնակցությունն Արցախյան պատերազմին, փաստագրական նյութեր, ինչպես նաեւ մի շարք կենսագրական տվյալներ համալսարանի ռեկտորական եւ դասախոսական կազմի մասին:



 



«Գրաշխարհ» թերթի խմբագիր Տիգրան Ռշտունու կարծիքով, թանգարանում ներկայացված անհատներն ընտրվել են կամայական սկզբունքով: Ըստ Ռշտունու, որոշ պրոֆեսորներ, դասախոսներ, ովքեր երկար տարիներ աշխատել են բուհում, ամբիոնի վարիչ են եղել, «սեւ ցուցակում» են հայտնվել եւ տեղ չեն գտել թանգարանում, մինչդեռ «եթե թանգարան ես բացում, բարի եղիր, առանձնացրու հիմնական սկզբունքները, եթե այդ սկզբունքները խախտում ես, ուրեմն պետք է պատասխանատվության ենթարկվես»: Ռշտունին մասնավորապես օրինակ է բերում իր հորը` դոկտոր, պրոֆեսոր Հեկտոր Ռշտունուն, ով Մանկավարժականի բանասիրական ֆակուլտետի գրականագիտության ամբիոնի վարիչ է եղել, դասավանդել է արեւմտահայ գրականություն: «Այդ մարդն այդտեղ աշխատել է, ու իր մասին ոչինչ չկա, դա ի՞նչ է նշանակում, այդկերպ իրենք կեղծում են իրենց պատմությունը»,-ասում է նա ու հավելում, որ սա քաղաքականություն է, հրաման. «Մարդն զբաղվել է արեւմտահայ գրականությամբ, մտածում են՝ Արեւմուտքին է հարում, դրա համար գցել են «սեւ ցուցակ»… Իրենց նպատակը ոչ թե թանգարանն է, այլ որ ցույց տան՝ թանգարան է այցելել Սերժ Սարգսյանը, այսինքն, կարեւոր չէ, թե ինչ են իրենք ներկայացնում, կարեւոր է, որ թանգարան է այցելել Սերժ Սարգսյանը»:



 



Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը նշեց, որ թանգարանը ներկայացնում է բուհի պատմությունը եւ ոչ թե անհատների, միաժամանակ համաձայնելով, որ այդ անհատներից է կազմավորվում նաեւ բուհի պատմությունը: Տնօրենի համար կանխատեսելի էին այդ դժգոհությունները, դրա համար, ըստ նրա, ռեկտորը հանձնարարել է պատմության ֆակուլտետի դասախոսներին ուսումնասիրել բուհի պատմությունը եւ ներկայացնել թեմաները, որից հետո այդ բոլոր նյութերը ներկայացվել են թանգարանագիտության ամբիոնի վարիչ Լավրենտի Բարսեղյանին, ով էլ, ելնելով հատկացված տարածքից, ցուցադրական պլանից, ժամանակագրական կարգով ներկայացրել է նյութերը, լուսանկարները: Գրիգորյանի խոսքով, շատերի լուսանկարներն էլ երբեմն որակի առումով չեն կարողացել մեծացնել, իսկ ինչ էլ առանձին ցուցանմուշներով ներկայացված չի եղել, էկրանի վրա սլայդով են ցուցադրել: Ինչ վերաբերում է այն հարցին, որ թանգարանին դիմել են Հեկտոր Ռշտունու՝ թանգարանում ներկայացված չլինելու հետ կապված, բայց իրենց կողմից արձագանք չի եղել, Գրիգորյանը նշեց, որ ով ասել է իրեն Ռշտունու համար, հետո նյութ չի բերել, որպեսզի կոնկրետ, առարկայական խոսեն. «Հայտարարողին թվում է, թե ես նյութը դրել եմ կողքս ու չեմ ներկայացնում, ես միշտ հայտարարել եմ, որ ուրախ կլինենք, եւ պատրաստ եմ ուզած րոպեին, բերեն ներկայացնեն նյութը, մենք էլ տեղադրենք»: