Սխալ հաշվարկներ

Սխալ հաշվարկներ
Ասում են՝ Վենետիկն ընկղմվում է ոչ միայն ծովի մակերեւույթի բարձրացման արդյունքում, այլեւ զբոսաշրջիկների չափից դուրս մեծ հոսքի պատճառով: Նոր աշխարհը ծանրացել է Վենետիկի ուսերին:



 



Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ տարիներով գումար են հայթայթում, հետո գալիս են վայելելու հին վարպետների գլուխգործոցները, եւ նրանց քայլքը, նրանց հրճվանքը կամ բացարձակ անտարբերությունն արագացնում են քաղաքի կործանումը: Մենք նույնպես չափից դուրս շատ ենք սկսել քայլել, մենք ծանրացել ենք ու չենք զգում մեր մարմնի խտությունը, ծանրացել ենք երկրի ճակատագրի ուսերին, շրջանցել ենք ուրախության ու տխրության տիրույթը, շարժվելով անհայտ, անհասկանալի ուղղությամբ: Ամեն ինչ թաղվել է հոգնածության մեջ: Ո՞վ կպատկերացներ, որ հոգնածությունը կդառնա ապրելու մեր վառելիքը, շարժման դրդող սուսերը, որ խրվում է ամենացավոտ տեղերը` անակնկալ որոգայթներից: Ավստրիացի մեծ գրող Պետեր Հանդկեն հոգնածության մասին իր հայտնի էսսեում շատ անգամ հիշեցնում է դրա խթանիչ ներգործության մասին: Հոգնածությունը, որպես սթափեցնող շիճուկ, կեցության տաղտկալիությունից ազատագրվելու ճահիճ, որից սկիզբ է առնում նոր գոյությունը, նոր համակարգը: Հոգնիր ամբողջ հոգով ու սրտով, հոգնիր ինչքան ուժ ունես` օգտագործելով ֆիզիկական ու հոգեկան վերջին պաշարներդ:



 



Հոգնած իշխանություն` հոգեվարքի չհանդարտվող թպրտոցների մեջ, մահվան դրոշմը ճակատին խարկված բանակ, ֆուտբոլային թիմ, մշակույթ, Ազգային ժողով, կուսակցություններ, ընդդիմություն, դիմություն, թթի ծառի վրա սմքող թութ, կենցաղ, շներ, մկներ, դեմքեր, փնթփնթոցներ, փռշտոցներ: Հոգնեցինք հոգնելուց: Բայց դեռ շարունակվում ենք: Հին, հյուծված ազգերը պիտի դուրս մղվեն պատմության ասպարեզից, պիտի չհեւան աշխարհի շնչին նստած: Արեւի շողի տակ փռված, ծույլ ու անհավես շան վրա տզտզացող ճանճն ի վերջո հոգնում է ու լքում նրան: Ճանճին թարմություն է պետք, արյան հոսք, շնչառություն: Ամեն ինչ հիմա պիտի որոշել, հետոն էլ չի գալու: Մեր կեցության, նեղության, հրճվանքի, անճար խոսքի, մեր քայլերի ծանրության տակ երկիրն ավելի ու ավելի է թաղվում տիղմի մեջ: Վաղուց ժամանակն է խոստովանելու, որ մեզ պարտադրած հոգնածությանը պարտվել ենք ու ապրում ենք նրա սահմանած կանոնակարգով: Հրանտ Մաթեւոսյանն իր ակնարկներում շատ անգամ գուժել է սպառնացող ախտը` ծուլությունը, որ հոգնածության դեռ առաջին, փակ շրջանն է:  Նույնիսկ այն աստիճան, որ մեզնից ուշ թե շուտ կհեռանա գեղարվեստելու օժտվածությունը, ու գրականության մարդիկ կվերածվեն վավերագրողների:



 



Ինչ-որ շարժման նման թրթիռ դեռ կա, բողոք կա, սոցիալական կայքերում թարմ մտքերը սավառնում են պատից պատ, բայց երկիրը խորտակվում է, իջնում մետր առ մետր: Ասես ամեն ինչ նպաստում է միայն անկմանը, նույնիսկ լավագույնը, նույնիսկ փրկության հստակ ճանապարհը:



 



Տարիների ընթացքում իշխանության «ձեռք բերածը» համատարած ապատիայի մեջ մարդկային գիտակցության հուղարկավորումն էր: Իշխանությունն այլեւս սերտել է հոգնածության արվեստը եւ այն հմտորեն օգտագործում է: Իշխանությունը մտածում է, որ դրանով հաղթանակ կտոնի սեփական ժողովրդի դեմ, որ հոգնածությամբ կերկարաձգի իր կյանքը:



 



Սեփական ժողովրդի դեմ:



 



Կերկարաձգի իր կյանքը:



 



Իշխանությունը ժողովրդից վաղուց բաժանված է: Ապրում է մենաստանում` օդի մեջ տեսիլքներ որսող ճգնավորի անվրդովությամբ: Սա խորը հոգնածության նշան է: Եվ, ի վերջո, համատարած հոգնածության վարակի գլխավոր հեղինակը հենց ինքն է՝ իշխանությունը, եւ հենց ինքն էլ առաջինն է ընկնելու, որովհետեւ իշխանությունը սխալվել է իր հաշվարկներում: Ուշ թե շուտ, նա ստիպված է լինելու ղեկավարել դատարկությանը: