Բութ ու շատակեր

Բութ ու շատակեր
Պետական ցինիզմն ամենավտանգավոր արատն է: Ամենատհաճն ու մերժելին: Երբ պետական պաշտոնյայի աթոռն զբաղեցնող անձը համարում է, որ պետությանը հարկ եւ այդ հարկերից իրեն աշխատավարձ վճարող մարդիկ իր ճորտերն են, որ ինքը նրանց առաջ ոչ մի պարտականություն չունի, իսկ նրանք պարտավոր են ծառայել ու պահել իրեն:



 



Եվ երբ այդ ցինիզմը ներթափանցում է նաեւ ընտրովի մարմին, որտեղ նստած անձինք ավելի, քան նշանակովի պաշտոնյաները, պարտական են շարքային քաղաքացիներին, տեսարանը պարզապես նողկալի է դառնում: Մի քանի օր շարունակ խորհրդարանում քննվում էր Դիլիջանի օտարալեզու դպրոցին հարկային աննախադեպ արտոնություններ տալու օրինագիծը: Ընդդիմությունը, հնարավոր բոլոր փաստարկները ներկայացնելով, դեմ արտահայտվեց դրան, առաջարկներ արեց, բացատրեց, համոզեց: Բայց ո՞ւմ ես ասում՝ սեւին սապոնն ի՞նչ անի: Անդրդվելի տեսքով ու ԱԺ դահլիճում ընթացող քննարկումներին անհաղորդ ՀՀԿ-ն անցկացրեց օրինագիծը: Անցկացրեց՝ անցկացրեց, իրենց մուրն իրենց գլուխը:



 



Բայց ապշեցուցիչն այն ինքնավստահ ու արհամարհական պահվածքն է, որ դրսեւորում են ՀՀԿ պատգամավորները, նրանց պարագլուխ ԱԺ նախագահն ու փոխնախագահները: Բութ եւ ինքնահավան տեսքով, մտքի ու զգացմունքների ակնհայտ բացակայությամբ, մատը «կողմ» կոճակին սոսնձած: Անասնական ինչ-որ բան կա այս պահվածքի մեջ՝ թող ինձ ներեն կոպիտ արտահայտության համար: Կարծես իրենք շատ ավելի կարեւոր գործեր ունեն, շատ ավելի մեծ անելիքներ եւ զահլա չունեն խորամուխ լինելու այս օրենքների բովանդակության մեջ: Սրանց նայելիս հասկանում ես, որ իրենց մտքում խաշլամայից ու խորովածից բացի այլ բան չի տեղավորվում: Հասկանում ես, որ ոչ մի սրբություն ու սկզբունք չունեցող հոտ է սա, որն ամեն ինչի ընդունակ է, եթե համապատասխան հրահանգ լինի: