«Այդ որոշումը քաղաքային բյուջեի վրա ոչ մի կերպ չի անդրադառնալու»

«Այդ որոշումը քաղաքային բյուջեի վրա ոչ մի կերպ չի անդրադառնալու»
Հունիսի 18-ին Գյումրիում տեղի է ունենալու ավագանու հերթական նիստը: Օրակարգային հարցերից մեկը, որ քննարկվելու է այդ օրը, Գյումրու քաղաքապետարանի  «Անի փողային նվագախումբ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին հարցն է:Գյումրու քաղաքապետարանի «Անի փողային նվագախումբ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրակցվող գույքի կազմը ընդհանուր գումարով կազմում է շուրջ  3. 005. 000 դրամ: Երաժշտական գործիքների մեջ մտնում են հարվածային գործիքներ, շեփոր, տրոմբոն, կլառնետ, ֆլեյտա, ֆլեյտա պիկոլո:



Ըստ  Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի, փողային նվագախումբը գոյություն ունի արդեն 30 տարի   եւ նոր չէ, որ պետք է ստեղծվի: «2001 թվականից փողային նվագախումբն ընդգրկված է եղել 4-րդ երաժշտական դպրոցի կազմում, ինքնուրույն իրավաբանական անձ չի եղել, ինչը կաշկանդել է նվագախմբի ինքնուրույն զարգացումը եւ աշխատանքը: Հիմա այս որոշմամբ, պարզապես նվագախումբը հանվում է երաժշտական դպրոցի կազմից, դառնում է ինքնուրույն իրավաբանական անձ` համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, համապատասխանաբար դպրոցի բյուջեից կրճատմամբ եւ հատկացմամբ այս նվագախմբին»:



Մեր այն հարցին, թե քաղաքային բյուջեի վրա ինչպես կանդրադառնա այս որոշումը, եթե ավագանին այն ընդունի, Լ.Բարսեղյանը պատասխանեց. «Քաղաքային բյուջեի մեջ ընդհանուր հաշվով փոփոխություն տեղի չի ունենա: Երաժշտական դպրոցին հատկացված բյուջեն կրճատվում է եւ կրճատված մասը հատկացվելու է  այս նոր իրավաբանական անձին: Սա է փոփոխությունը, որը տեղի է ունենալու: 11 տարի այս նվագախումբը գործել է  Ա.Բրուտյանի  անվան երաժշտական դպրոցի համակարգում»:



Նվագախումբը կունենա 21 երաժիշտ, որոնցից յուրաքանչյուրը կստանան 40 հազար դրամ ամսական աշխատավարձ: Կլինի տնօրեն՝ 90 հազար դրամ, հաշվապահ՝ 47 հազար դրամ աշխատավարձով:



Քանի որ փողային նվագախմբին անհատույց օգտագործման իրավունքով ամրակցվող գույքի կազմը  ընդհանուր գումարով կազմում է շուրջ  3. 005. 000 դրամ, Լ.Բարսեղյանն ասաց, որ սա նոր գնում չէ: «Այդ ՀՈԱԿ-ը գնում կկարողանա կատարել հետագայում, բայց սա այն գույքն է, որն ամրակցվում է փողային նվագախմբին, այն նախկինում երաժշտական դպրոցի մեջ է եղել: Նաեւ տեղն է մնացել ճշտելու, թե որտեղ է գործելու փողային նվագախումբը»:



 



Անահիտ Սիմոնյան