«Տուգանեք ամբողջ բարեգործ սփյուռքահայությանը, ում ողորմությունն է անընդհատ մուրում այս իշխանությունը». Անահիտ Բախշյան

«Տուգանեք ամբողջ բարեգործ սփյուռքահայությանը, ում ողորմությունն է անընդհատ մուրում այս իշխանությունը». Անահիտ Բախշյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է. «Ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը տվեց առաջին արդյունքը, որի համար շնորհավորում եմ բոլորիս, հատկապես երիտասարդներին, ովքեր ապացուցեցին, որ ունեն արժանապատվություն և թույլ չեն տալու որևէ իշխանավորի կեղծել կամ խախտել իրենց սահմանադրական իրավունքը: 
Կեցցե՛ք իմ լավ տղաներ ու քաջ աղջիկներ:
Սակայն ես ուզում եմ բարձրաձայնել անցած 5-6 օրերին իշխանության բարոյազուրկ դեմքի մի արտահայտության մասին, որը դրսևորվեց, երբ մեր բազմաթիվ հոգատար հայրենակիցներ իրենց մեքենաներով freecar գործողությունն էին իրականացնում՝ անվճար տեղափոխելով իրենց հայրենակիցներին և իշխանությունների որոշ անբարոյական ներկայացուցիչներ տուգանում կամ ամեն ձևով խոչընդոտում էին այս բարեգործական գործողությանը: Որքան անպատկառ ու անսիրտ մարդիկ են այս վայ իշխանավորները, ովքեր սովոր չլինելով իրենց ունեցվածքը կիսել անապահով քաղաքացու հետ, համարձակվում են տուգանել բարեգործին: Դե ուրեմն տուգանեք ամբողջ բարեգործ սփյուռքահայությանը, ում ողորմությունն է անընդհատ մուրում այս իշխանությունը, տուգանեք երեք նախագահների տիկնանց, ովքեր նույնպես բարեգործական ծրագրեր են իրականացրել ու իրականացնում: Հասկանում ե՞ք բումերանգի էֆֆեկտը ուր կարող է տանել երկիրը:
Բարեգործական շարժումը երկրում խթանելու ու մեր քաղաքացիներին իրար նկատմամբ հոգատարություն քարոզելու փոխարեն, որը հատուկ է մեր ազգային նկարագրին, այս անիրավ իշխանությունն ունի մեկ նպատակ՝ սպանել մեր մեջ ամեն մարդկայինը, որպեսզի բավարարվի իրենց ագահ ախորժակը: Ամոթ է, դարձի եկեք: 
Դիմում եմ Հայ առաքելական եկեղեցու իսկական հոգևոր հայրերին, որպեսզի իրենք իրենց աղոթքներում նզովեն այդ անբարո մարդկանց, ովքեր վերջին օրերին խոչընդոտեցին կամ տուգանեցին բարեգործություն իրականացնող մեր եղբայրներին և քույրերին:
Միևնույնն է, ո՛չ մեկին, նոևյնիսկ նրան, ով իրեն այսօր ամենազոր է կարծում, չի՛ հաջողվելու Հայի մեջ սպանել բարեգործություն անելու ազնիվ մղումը»: