Քրիստոնեական եկեղեցին` առանց խաչի

Քրիստոնեական եկեղեցին` առանց խաչի

Լոռու մարզում գտնվող Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը վաղուց ի վեր առանց խաչի է գործում: Եկեղեցու մոտ 18 մետրանոց գմբեթը վաղուց է փլվել, հենց այդ գմբեթի հետ միասին հողին է հավասարվել ու վերացել նաեւ խաչը:



Եկեղեցու գմբեթի վերակառուցման ու խաչի տեղադրման աշխատանքներ այդպես էլ չեն իրականացվում, ամեն տարի որեւէ նոր պատճառաբանությամբ աշխատանքները հետաձգվում են, թեպետ գմբեթի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար կա հովանավոր, ով ստանձնել է այդ աշխատանքների ֆինանսավորումը, կա նաեւ կազմակերպություն, որն իր հերթին իրականացնելու է այդ աշխատանքները:



Բացի գմբեթի ու խաչի բացակայության խնդրից, մեկ այլ` առավել կարեւոր խնդիր կա. Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը վիճելի հարց է համարվում հայ-վրացական կողմերի միջեւ ու նույնիսկ մի քանի անգամ լուրջ ընդհարումների պատճառ է դարձել: Բանն այն է, որ վրացական կողմը եկեղեցին համարում է քաղկեդոնական, մինչդեռ հայկական կողմը համոզված է, որ եկեղեցին հայկական է, քրիստոնեական:



Տեղի հավատացյալներն էլ իրենց հերթին բազմիցս բարձրաձայնել են խնդրի մասին: «Մենք քրիստոնյա ենք, հայ ենք, սա էլ` իբր հայկական եկեղեցի, բա ինչի՞ համար մի խաչ չեն դնում, որ բոլորն իմանան, որ էս հայկական ա, դրա համար էլ վրացիք ասում են իրանցն է, ոչ թե մերը»,- դժգոհում էր տեղի բնակիչներից մեկը: «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը նշեց, որ միայն խաչ տեղադրել հնարավոր չէ, նախ պետք է կառուցվի եկեղեցու գմբեթը: «Էդ աշխատանքներն իրականացնող կազմակերպություն կա, նախագիծ-նախահաշիվները պատրաստ են, Էջմիածնի կողմից հաստատված, բոլոր գծագրերը կան, մնում է միայն այդ կազմակերպությունն աշխատանքները սկսի»,-ասաց նա:



Հարկ է նշել, որ 2011 թվականին, Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու խաչի տեղադրման օրը, որոշված է եղել Ախթալայի Սբ. Աստվածածին եկեղեցական համալիրն օծել, ինչի մասին տեղյակ է պահվել տեղի ու հարակից համայնքների բնակիչներին, հստակ սահմանված է եղել, որ օծման աշխատանքները կատարելու էր հենց  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, սակայն նշված օրը, բոլորի համար անսպասելի, կաթողիկոսը հրաժարվել է օծման արարողակարգի կատարումից, ինչպես բնակիչներն են ասում` վրացական կողմի հետ ընդհարումներ չունենալու համար: Դրանից հետո, արդեն 2 տարի, խոսք չկա եկեղեցին օծելու մասին:



Ախթալայի բնակիչները մեզ  հետ զրույցում պատմեցին, որ եկեղեցին իրենք համարում են առաքելական, համալիրի ներսում կատարվող արարողակարգերը` պատարագները, ժամերգությունները, հարսանյաց ու կնունքի արարողությունները Ախթալայի հոգեւոր հովիվն է կատարում, պարզապես եկեղեցու կառուցման աշխատանքներին ժամանակին մասնակցել են նաեւ վրացիներ ու հույներ, այդ փաստով պայմանավորված, ներսում եղած սրբապատկերներից երկուսը հունական ու վրացական տարրեր են պարունակում, սա է առաջացնում շփոթություն, ու այս պատճառով են վրացիներն այս եկեղեցին համարում ուղղափառ:



Հավելենք նաեւ, որ շատերի համար Ախթալայի եկեղեցական համալիրն ուխտատեղի է համարվում, եկեղեցու մոտ տեղադրված 2 հսկա ամուսնական մատանիները շատ երիտասարդների համար հավերժ սիրո մասին երդման յուրօրինակ վայր են դարձել: Ամեն տարի, սեպտեմբերի 20-ին, ախթալացիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները մեծ տոնակատարությամբ նշում են սիրելի եկեղեցու օրը:



Նշենք,  որ, բացի Ախթալայի եկեղեցական համալիրից, Լոռու մարզի Քոբայր, Արմանիս ու եւս երկու համայնքների եկեղեցիներն էլ են առանց խաչերի ու դարձյալ վիճարկելի հարց են համարվում հայ-վրացական կողմերի միջեւ:



 



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ



Լոռու մարզ