Դասական միջամտություն. Պետեր Հանդկե

Դասական միջամտություն. Պետեր Հանդկե

Մի անգամ հացը կտրելիս դանակը ձեռքիցս ընկավ, և իսկույն գիտակցությանս մեջ գծագրվեց մի պատկեր՝ առավոտ է, ու մայրս երեխաների համար տաք կաթի մեջ հաց է բրդում:



Երբ երեխաները տանից դուրս գալիս էին լինում, մայրս թքով արագ մաքրում էր նրանց քթածակերն ու ականջները: Ես միշտ սարսռալով հետ էի քաշվում: Թքի հոտն ինձ տհաճ էր:



Մի անգամ՝  խմբով սարը բարձրանալիս, նա ուզեց մի փոքր հեռանալ խմբից՝ բնական կարիքը հոգալու համար: Ես ամաչում էի և նրան հետ կանչեցի: Նա հետ վերադարձավ:



Հիվանդանոցում նա պառկած էր լինում բազմաթիվ մեծ սենյակներից մեկում: Այո՛, դեռ էլի սենյակներ կային:  Մի անգամ նա ձեռքս երկար սեղմում էր:



Բոլորի մասին հոգալուց, կուշտ կերակրելուց հետո նա սեթևեթանքով հացի մնացած կողերը իր բերանն էր դնում: (Սրանք իհարկե անեկդոտներ են: Բայց գիտական հետևություններն այս դեպքում նույնքան անեկդոտային կլինեին: Բոլոր արտահայտությունները չափազանց մեղմ են):



Ձվի լիկյորի շիշը սպասքապարհարանում...



Ցավագին հիշողություններ առօրյա գործերի ժամանակ, մանավանդ խոհանոց:



Բարկացած ժամանակ նա երեխաներին չէր ծեծում: Երբեմն միայն քթից քաշում էր:



Մահվան սարսափ, երբ գիշերները վեր ես կենում, իսկ միջանցքում վառվում է լույսը:



Տարիներ առաջ որոշել էի ընտանիքի բոլոր անդամների հետ արկածային ֆիլմ նկարահանել, որը անձամբ նրանց հետ որևէ կապ չունենար:



Որպես երեխա՝ նա լուսնահար էր:



Նրա մահվան առաջին շաբաթը նրա կորստյան ցավն առանձնապես կենդանի էր ինձ համար: Յուրաքանչյուր ուրբաթ ցավով էր բացվում ու մթնում էր ցավով: Գյուղի ճանապարհներին՝ դեղին լուսավորություն գիշերային մշուշում. կեղտոտված ձյուն և առուների գարշահոտություն. ձեռքերս խաչած՝ հեռուստացույցի առաջ դրված բազկաթոռին. լոգանք՝ երկու անգամ:



Պատմվածքի վրա աշխատելիս հաճախ զգում եմ, որ այս դեպքին ավելի շատ կհամապատասխաներ երաժշտություն գրելը: Sweet New England…



«Հավանաբար գոյություն ունեն վհատության նոր, անկռահելի ձևեր, որոնք մենք չգիտենք»,- ասում էր գյուղական ուսուցիչը «Կոմիսարը» ոճրապատում-ֆիլմաշարում:



Տեղի բոլոր երաժշտական կրպակներում հետևյալ վերնագրով ձայնապնակ կա՝ «Համաշխարհային թախիծ-պոլկա»:



Ամենուրեք իր մասին հայտարարող գարուն, ցեխ, տաք քամի, ձյունից ազատված ծառեր՝ հեռվում՝  գրամեքենայից այն կողմ:



«Նա իր գաղտնիքն իր հետ գերեզման տարավ»:



Երազներիցս մեկում նա երկրորդ դեմքն ուներ, բայց այն նույնպես չափից դուրս մաշված էր:



Նա սիրում էր մարդկանց:



 



«Ճակատագրական դժբախտություն»