Մեկ հողաթափի գնով վաճառված քվեի գինը

Մեկ հողաթափի գնով վաճառված քվեի գինը

Հայաստանում իշխանությունն ու ժողովուրդն օտարված են միմյանցից, նրանք գործում, անգամ ապրում են միմյանցից անկախ, որեւէ հարաբերություն այս երկուսի միջեւ, ըստ էության, գոյություն չունի, համենայնդեպս, ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում: Ընտրությունների ժամանակ բացահայտորեն վաճառելով իրենց ձայները մեկ հողաթափի գնով կամ բարեգործությամբ` քաղաքացիները զրկվում են ձայնի իրավունքից: Դրանից օգտվում է իշխանությունը, որն էլ ժողովրդի հետ վարվում է այնպես, ինչպես ցանկանում է:



Ըստ էության, չնայած իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն նրա գործողություններում  ժողովուրդը որեւէ դերակատարում չունի: Այսպես, կառավարությունը որոշումներ է կայացնում, Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են քաղաքացուն, սակայն այդ որոշումների եւ օրենքների մասին իմանում ենք կամ ԱԺ լիագումար նիստում, կամ էլ ընդունելուց հետո: Նույնն է նաեւ պետական, անգամ տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում՝ որոշումն ընդունվում է, որոնց դարձյալ տեղյակ ենք լինում կայացնելուց հետո:



Որոշումներն ընդունվում են քաղաքացու կամքից անկախ: Իշխանությունից օտարված ժողովուրդը երբեմն-երբեմն փորձում է պաշտպանել իր իրավունքները, սակայն դա անում է միայն այն դեպքում, երբ որոշումն արդեն ընդունված է:



Քաղաքակիրթ երկրներում արհմիություններն իրենց ակտիվությամբ կարող են ազդել անգամ քաղաքական պրոցեսների վրա, մինչդեռ մեզ մոտ դրանք գոյություն չունեն:



Ստեղծվեց անգամ Վազգեն Մանուկյանի դեմքով անդեմ հասարակական խորհուրդը, որը կոչված էր այս խնդիրներին հետամուտ լինել, սակայն այն անհասկանալի խնդիրներով է զբաղված, անհասկանալի հարցեր է քննարկում եւ կամ ուշացած է անդրադառնում ժողովրդին հուզող խնդիրներին:



Այսպես էր թե գազի գնի թանկացման, թե տրանսպորտի գնի բարձրացման ժամանակ, այսպես են ընդունվում բազմաթիվ օրենքներ, որոնց մասին ընդունվելուց եւ կիրարկվելուց հետո ենք իմանում: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ իրեն հարգող ցանկացած իշխանություն պետք է որեւէ ձեւաչափով քննարկում սկսի՝ իմանալու քաղաքացու կարծիքը: Ճիշտ է, այստեղ կա մի պատասխան, որ` մենք ընտրվել ենք, ստացել ժողովրդի քվեն եւ այդ լիազորության շրջանակում ենք գործում, սակայն, նկատի ունենալով այն մթնոլորտը, որ կա ընտրությունների նկատմամբ Հայաստանում, մասնավորապես լեգիտիմության հետ կապված, վերածվում է նաեւ անվստահության իշխանության նկատմամբ: Հետեւաբար, վերջինիս ընդունած որոշումներն էլ դառնում են նույնքան ոչ լեգիտիմ, որքան իշխանությունն ինքն է: Թվում էր, թե այս դիլեմայի մեջ դերակատարում ունի ընդդիմությունը: Սակայն ընդդիմությունն իր հերթին կամ ուշացած, կամ էլ երբեմն անարձագանք է թողնում այն որոշումները, որոնք իր մարտավարական խնդիրների մեջ չեն մտնում: Այսինքն, ընդդիմությունը նույնպես օտարված է ժողովրդից: Ստացվում է մի վիճակ, երբ  իշխանությունը գործում է իր համար, ընդդիմությունը՝ ընդդեմ իշխանության, ժողովուրդն էլ` ինքնուրույն, երբեմն պայքարելով, երբեմն ուղղակի լքելով Հայաստանը: Այս վիճակն է այսօր Հայաստանում: Կարող էին իրավիճակը փոխելու համար որեւէ բան ձեռնարկել լրատվամիջոցները, որոնք հնարավորություն ունեին եւ ունեն անդրադառնալու այդ խնդրին: Լրատվամիջոցներն էլ, ավելի շատ գնալով թեժ կամ վառվող լուրերի ետեւից, ավելի շատ ուշադրություն են դարձնում, թե քանի ավտոմեքենա է վթարի ենթարկվել, քանի գողություն կամ սպանություն է կատարվել՝ մոռանալով, որ այդ ամենի ետեւում կանգնած է մարդը, եւ նրան հուզող շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնց պետք է անդրադառնալ ժամանակին: Ժամանակին չանդրադառնալը, երբ որոշումն արդեն ընդունված է, բարդացնում է իրավիճակը: Նախ, փոխելն արդեն դառնում է անհնար եւ վերածվում է դոնքիշոտության՝ պայքար հողմաղացների դեմ, կամ, լավագույն դեպքում, այդ փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում եւ շատ քիչ են անդրադառնում որակի վրա: Այսպես էր գազի գնի դեպքում, երբ նախատեսվում էր ավելի բարձրացնել` նկատի ունենալով, որ ժողովուրդը կարող է դա այլ կերպ ընկալել, եւ գազի կամ հոսանքի գինը գոնե, ըստ պատկան մարմինների, չբարձրացվեց այնքան, որքան պահանջում էին այդ ընկերությունները: Նույնն էր նաեւ տրանսպորտի թանկացման դեպքում, երբ իշխանության մարմինները ներկայացնում էին, որ տրանսպորտն աշխատում է վնասով, մինչդեռ բոլորիս հայտնի է, թե ինչ պայքար է գնում տրանսպորտի գծերին տիրանալու համար: Զարմանալի է, որ վնասով աշխատող որեւէ բիզնեսի կամ գործի համար այսպիսի պայքար է տեղի ունենում: Այս օտարումն այնքան մեծ է, որ արդեն կարող է աղետալի հետեւանքներ ունենալ մեր պետության համար:



Հնարավոր է` իշխանությունից օտարված ժողովուրդը մի օր փորձի հետ վերադարձնել այդ իշխանությունը` իրեն հայտնի մեթոդներով, եւ դա կարող է, իրոք, աղետ դառնալ թե պետության, թե իշխանության  եւ թե երկրի համար ընդհանրապես:



«ԿԱՄՈՒՐՋ»