ՀՅԴ-ն կոալիցիայո՞ւմ

ՀՅԴ-ն կոալիցիայո՞ւմ

Երեկ ՀՅԴ Գերագույն մարմնից հաղորդագրություն ստացանք՝ սեպտեմբերի 2-9-ը ԼՂՀ անկախությանը նվիրված միջոցառումների կազմակերպման մասին. Եռաբլուրից քայլարշավ Ազատության հրապարակ, ապա հանրահավաք-համերգ հրապարակում: Հաղորդագրությունը թերեւս չգրավեր մեր ուշադրությունը եւ խմբագրականի թեմա չդառնար, եթե մի քանի կարկառուն ՀՅԴ-ականների՝ եվրոպական երկրներում դեսպաններ եւ հյուպատոսներ նշանակվելու մասին մամուլում վերջին օրերին շրջանառվող լուրերը չլինեին: Եթե այդ լուրերն իսկապես համապատասխանում են իրականությանը, ապա պետք է ենթադրել, որ ՀՅԴ-ն այդ փառահեղ իրադարձությունն է պատրաստվում նշել սեպտեմբերի 2-9-ը՝ այն էլ բարձր մակարդակով: Թերեւս հանրահավաքում պատրաստվում է ազդարարել իր՝ ըստ էության կոալիցիա վերադառնալու փաստը: Միայն թե այդ վերադարձն արվում է ծածուկ, ջայլամավարի՝ ԼՂՀ-ին նվիրված տոնախմբությունների ֆոնով քողարկելով: Եթե իրոք ՀՅԴ-ի դիվանագիտական «մարշ-բրասոկն» իրականություն դառնա, ապա կարելի է ավարտված համարել այս կուսակցության՝ ընդդիմություն կոչվելու համար մղած կարճատեւ պայքարը եւ արձանագրել, որ ՀՀ անկախության տարիներին Դաշնակցության ամենաճշգրիտ կերպարը 1994-97թվերին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի «օգնությամբ» կերտված կերպարն էր: Անշուշտ, ոչ մի ողբերգական բան չկա նրանում, որ ՀՅԴ-ն որոշել է կրկին մտնել իշխանական կոալիցիա: Ողբերգությունն այն երեսպաշտությունն է, «կույս մնալու, միաժամանակ հաճույք ստանալու» ցանկությունը, որով անում են դա: Եթե ՀՅԴ կարկառունները՝ հանձինս Վահան Հովհաննիսյանի եւ մյուսների, լքում են ՀՅԴ «նավը» եւ տաքուկ անկյուններ փնտրում տեղավորվելու, ինչո՞ւ պետք է հասարակությունը հավատա, որ այդ կուսակցությունն ունակ է հոգալու իր հոգսերը եւ արդարացնելու իր հույսերը:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ