Շփոթ ու շոկ

Շփոթ ու շոկ

Ինչպես 9 բալանոց երկրաշարժից հետո աֆտերշոկերի ալիքն է շարունակվում, այնպես էլ Մաքսային միություն մտնելու հետ կապված արձագանքները չեն դադարում: Սրանք իրենց ուժգնությամբ, անշուշտ, զիջում են առաջին հարվածին, բայց հոգեբանական սթրեսն ու սխալի գիտակցումից առաջացած շոկը նույնն է: Միաժամանակ, իշխանությունը փորձում է հարթել իրավիճակը: Մի կողմից հայտարարում է, թե ոչինչ չի պատահել. եվրոպական ինտեգրացիան շարունակվելու է, մենք ասոցացման համաձայնագիրն ստորագրելու ենք: Եվ ակնարկում են, թե եվրոպացիները տեղեկացված են եղել Ռուսաստանի հետ բանակցությունների մասին: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն ու իր թիմը տարբեր հանդիպումների ժամանակ հայտարարում են, թե Մաքսայինի հետ կապված փաստաթղթերը ներկայացվելու են ԱԺ եւ քննարկվելու են այնտեղ: Այնպես որ, հասարակությունը կտեղեկացվի դրանց բովանդակության մասին: Կարծես ում հայտնի չէ, թե այդ քննարկումներն ու քվեարկություններն ինչով են ավարտվում: Միաժամանակ հրապարակվում են եվրոպական տարբեր մակարդակների պաշտոնյաների կարծիքներ ու արձագանքներ, որոնց այն մասը, որտեղ եվրոպացիները հանգստացնում են ու խոսում Հայաստանի հետ բանակցությունների շարունակականության մասին, անկեղծ ասած, հավատ չեն ներշնչում: Դրանք հրապարակողը՝ հայկական կողմը, իր պահվածքով կորցրել է վստահությունը ինչպես հայաստանցիների շրջանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Չի բացառվում, որ որոշ բան խեղաթյուրում են: Եվ ամենազավեշտալին քարոզիչների այն խավն է (Արթուր Բաղդասարյան, Հայկ Բաբուխանյան, Արտաշես Գեղամյան եւ ուրիշներ), որոնք իրենց չունեցած հեղինակությամբ ձեռնամուխ են եղել կատարվածի արդարացմանը: Մեկը չկա՝ խորհուրդ տա. եթե չեք ուզում, որ այս քայլը կոկորդներումդ մնա, հետ կանչեք ձեր քարոզիչներին:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ