Համազգային «ՎԻՆԵՏԿԱ»

Համազգային «ՎԻՆԵՏԿԱ»

Մեր Հայրենիք, թշվառ... Կներեք «Թշվառներ» վեպը չունե՞ք, կարծեմ Հյուգոյի... Ի՞նչ... Էս արդեն գրադարան չի՞. սաունա՞ է, հոթե՞լ, մոթե՞լ... Կարող եք առաջարկել թշվառ Լիզայի՞ն... Կարամզինի՞... Հա՜, Երրորդ մասի... Մեկ էլ ո՞ւմ` Հասոյի՞ն... «կինո Հայրենիքի՞»... Իսկ, կներե՛ք, գները հասանելի՞ են... այսինքն` մատչելի...



Ո՛չ, ո՛չ, ո՛չ... Ես, որպես ճարտարապետ, որպես գլուխ ունեցող գլխավոր ճարտարապետ, երիցս, քառիցս, բազմիցս ասել եմ` որ ես գլուխ չունեմ էդ շինության, էդ փակ... Լավ, չեմ ասել, գիտե՞ք որքան եմ մտածել, հառաչել, արտասվել Երեւանի... գիշերներում... Գրությո՞ւն... լիքը: Բողո՞ք... հա, էդ էլ կա` ստամոքսս... Հրաժարակա՞ն... Աղջիկ ջան, բայց դու դա ո՞նց ես պատկերացնում... Է՜, է՜, պաշտոն կունենաս, կգաս` կխոսենք...



Հացադո՞ւլ... ա՛յ բալես, չես տեսնո՞ւմ, ինձանից միայն քիթս է մնացել: Լավ է, հլա հոտառությունը, եթե ոչ մասնագիտական, գոնե քաղաքական` չի կորցրել...



Էդ հացադուլը թող էն մշակույթի Հասմիկը նստի... որպես մշակութային բազմազանություն... Համ էլ` դիետան կանանց բարեկամն է...



Երեխաներ, այսօրվա դասն է` «Մեր հայրենիքի բնակավայրերը»: Ասա՛, Սուրի՛կ... Ի՞նչ... Մոսկվա՞... Բայց... ո՞նց... Էնտեղ է ապրում քեռի՞դ... Էն էլ ո՞նց...



Ջուլիկ, դո՛ւ... Տեր Աստվա՜ծ, ի՞նչ Արխանգելսկ... մորաքո՞ւյրդ... Էլի` էն էլ ո՜նց...



Եղի՞շ... Հոլիվո՞ւդ... հոպա՞րդ... Մա՞յքլ... Կարո՞ղ ա Ջեքսոն, տղա ջան: Հա՜, Կիրակոսյան, ոսկերիչ... բարգավաճ...



Բա լա՛վ, իսկ մեզ մոտ, երեխաներ, մեր քաղաքները, մայրաքաղաքը... Ի՞նչ, չե՞ն ապրում, գոյատեւո՞ւմ են, այսպես ասած` «պայքար, պայքար մինչեւ, ողորմի իրենց, վերջ...»...



Ոտքի՛, դատարանն է գալիս: Հանուն մեր ազատ եւ անկախ հանրապետության, մանրամասն քննելով սպանության գործի հանգամանքները եւ հենվելով ամբաստանյալի եւ մեր ներքին խորը համոզմունքի վրա, դատարանը գտավ.



ա) Սպանությունը եղել է ճիշտ, կազմակերպված եւ ժամանակին, անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում,



բ) Ամբաստանյալ Գժի Հենդոն (անձնագրային տվյալներով` Խաչատրյան Լյուդվիգ) գործել է չափազանց մարդկայնորեն եւ մարդասիրաբար (կրակել է ընդամենը մեկ անգամ, միանգամից գլխին, առանց ավելորդ հայհոյանքի): Մահացածը, փոխանակ ներողություն խնդրելու, որ կանգնած է եղել Մեծ ախպոր (անձ. տվ.` Խաչատրյան Լյուդվիգ) ջիպի ճանապարհին (մայթ) եւ խանգարել է ու խախտել վերջինիս ճանապարհային երթեւեկության բոլոր կանոնները, նաեւ հայհոյել է, հասցնելով ասել` «Վայ... ես քո...»: Դատարանը փաստում է, որ հարգված Եղբոր (անձ. տվ.` Խ. Լ.) գործողություններում հարգելի բացակայում է հանցակազմը, եւ լիքը ներկա է մարդասիրությունը, հումանիզմը, ազգասիրությունը: Խորապես վիրավորված, նա քացու տակ չի գցել տեղում գտնվող նրա որդուն, բռնաբարել կնոջն ու ձեռքից առել կամ վառել նրանց տունը: Հաշվի է առնվում նաեւ այն հանգամանքը, որ փոխհատուցվել է հուղարկավորման ծախսերի զգալի մասը (15 ամերիկյան դոլարին համարժեք դրամ): Ղեկավարվելով հանրապետության Քր. ծռ. մռ. օրենսգրքի համապատասխան հոդվածներով, դատարանը որոշում է. «Ձեր սաղի տիրումերը...»:



Պաշտպանության նախարարությունը խորը վշտով ու «չաստի ճշտով» հայտնում է, որ երեկ «Ն» զորամասի զինծառայող «Ա»-ն (անվանատառը փոխված է քննչական նկատառումներով), չդիմանալով դասակի հրամանատար «Բ»-ի (սրան էլ մենք ենք փոխել) բազմիցս շարունակվող խրախուսական, գովասանական եւ հիացական արտահայտություններին եւ վերաբերմունքին` ծառայության նկատմամբ, վերցրել է ու անհասկանալի կախվել... Հարգելի ծնողներ, ախպերներ ու քույրեր ջա՛ն, էդ ձեր երեխաներին մի քիչ քիչ դաստիարակեք, չի կարելի էդքան զգայուն լինել, հուզվել «Կամանդիրի» («Շեֆի», «Տիրակալի», «Տարածքի խանի») մի երկու «քաղցր» խոսքից, հիշե՛ք, որ նրանց սպառնում է մեր թշնամու քյուֆուր-քյաֆարը, գերությունը, ստրկական աշխատանքն ու հնազանդությունը...



Պաշտպանության անպաշտպան նախարարություն...



Պաշտոնական տոնական հաղորդագրություն: Բադեն-Բադենում տեղի ունեցավ հանրապետության խոշորագույն արդյունաբերողների եւ արդյունատանողների, այսպես կոչված` «Մեծ տասնյակի «Գ”-10» համաժողով: Տեղական կազինոներում մի շարք նորամուծություններ անելուց հետո ազգային օլիգարխները որոշեցին` պետական դրամանիշն առավել կայուն եւ գրավիչ դարձնելու համար թղթադրամների վրա պատկերել նաեւ կանանց: Հաստատվեցին «Հրանուշ», «Հասմիկ», «Ալվարդ» լոգոները, «Հեղինե» նախագիծն ուղարկվեց Առաքելական եկեղեցի` քննարկման...



Ի՞նչ, դեսպա՞ն... Լա՛վ, գնա, համաձայն եմ, մենակ էդ զենքի վրա երդվելը թող... Մեկ էլ, խմած ժամանակ պատերին կրակելու խասյաթդ... Հիշի՛ր, Մյունխեն կարող է լինես... գարեջուր... բան-ման... անցյալ դարի էն եֆրեյտորի օրը չընկնես... Ինչպես գյումրեցին կասեր` «Գնալդ էղնի, գալդ չեղնի... քո կամքով»... Ասում են` իմ դիվանագետների սիրած խոսքն ա... Հա՛, դո՞ւ ինչ ես ասում... Փեսա՞... Ո՛չ, ես արդեն ասալ ամ` ո՛չ... Իրեն էլ եմ ասալ, ես քեզ շատ եմ սիրում, ասածներդ ու արածներդ ներում, դու ինձ համար շատ բարձր ես, բայց մեր զոնի... թյու, ինչ եմ ասում, մեր երկրի օրենքն ու իշխանությունն ավելի բարձր... Էնպես որ` վա՛նք, վա՛նք եւ միայն վա՛նք. էն Սայաթի պես, հալա որ` Վատիկան, թող Հոռոմի պապին հետ աղոթի ու հիշի պապային...



Նոր դիվանագիտական հաղթանակ: Հարավային Զոմբիայի հյուսիսային Բրթ նահանգի Սրթ քաղաքի Այզրթ արվարձանի ամբողջ ազգաբնակչությունը ճանաչել է մեզ որպես որբ ու անտեր եւ պատրաստակամություն է հայտնել զորակցել մեր ապագա բոլոր վշտերին: Խնդրել են նախապես ուղարկել վշտի օրերի (մեռելոց) օրացույց: Ուրախ վշտով տեղեկացնենք, որ ուղարկվել է: Նաեւ` կոնյակ-բաստուրմա` քառասունքների համար: Այո՛, վշտի մեջ են ճանաչվում իսկական բարեկամները:



Եվս մեկ հաղորդում, հավանաբար` մանկապարտեզից: Այ հայրիկներ ու մայրիկներ ջան,- գրված է,- դուք հո չե՞ք գժվել...: Նամակն ուղարկվել է պետական անվտանգության մարմիններ` մանրամասները ճշտելու:



Ճշտելուց հետո մանրամասն կշարունակենք...



 



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ