Բաց նամակ ոստիկանապետ Վ. Գասպարյանին

Բաց նամակ ոստիկանապետ Վ. Գասպարյանին

Երկար, շատ երկար լռելով, հետեւելով Ձեր աշխատաոճին, Ձեր ելույթներին, չգիտես ինչու, մի փոքր հավատ արթնացավ մեզ մոտ՝ վերջին անգամ դիմելու Ձեզ, քանզի շատ դեպքերում մեր դիմում-խնդրանքներից հետո սկսվում էին մեր նկատմամբ ահաբեկումներն ու սպառնալիքները` այդպես է եղել նախկին ոստիկանապետերի օրոք:



Ժամանակին չբացահայտվեց, ավելին` միջադեպին տրվեցին ծիծաղելի ձեւակերպումներ: Խոսքը 2008թ. դեկտեմբերին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բաժնի արդեն իսկ նախկին ոստիկան Սամվել Ալբերտի Խաչատրյանի սպանության մասին է. երիտասարդ, որն սպանվեց բոլորին հայտնի եւ անհայտ իրավիճակում` որակավորվելով որպես ինքնասպանություն: Իսկ իրականությունը՝ բոլորիս հայտնի հայր եւ որդի Թորոսյանների մասնակցությամբ եւ ղեկավարությամբ: Գաղտնիք չէ, որ Սամվել Խաչատրյանը, Վոլոդյա եւ Հարութ Թորոսյանները եւ մի շարք այլ քաղաքացիներ (փեսա Վահե, Վարդան, Միշա, Հրանտ եւ այլն) անօրինական ոսկու գործով էին զբաղվում, որտեղ Սամվել Խաչատրյանի ղեկավարությունն ամենից քիչն էր, ավելին` նա նույնիսկ տեղյակ էլ չէր ամբողջությամբ կատարված եւ նախատեսվող գործողություններից, իսկ արդյունքում իբր ինքնասպան է լինում Սամվելը, իսկ Վալոդ եւ Հարություն Թովմասյանները, փեսա Վահեն իբր տեղյակ չեն կատարվածից, այն դեպքում, երբ բոլոր թելերը տանում են դեպի իրենց: Այս ընթացքում իբր գողական ապերը Հրազդանում ավազակային հարձակում է գործում եւ դատապարտվում երկարատեւ ազատազրկման  (ըստ իրենց՝ ինչքան ուզի, այնքան էլ կմնա գաղութում) եւ հիմա դեռ կրում է իր պատիժը: Ասում են` խորհրդային ժամանակներում ընդունված է եղել կատարել լուրջ հանցագործություն, հետո մեկ այլ ոճի հանցանք գործել եւ դատապարտվել ոչ թե սպանության կամ սպանության կազմակերպման համար, այլ… Գուցե  Ձեզ մոտ կասկած առաջանա, թե ինչու հենց ավազակային հարձակում, այլ ոչ թե հանցանք: Շատ պարզ. մարդ, որն իր տղային դեռ պատանեկության տարիներից հորդորում էր գող դառնալ, ավելին` լինելով (գոնե ի պաշտոնե) ոստիկան, բարձրաստիճան ոստիկան, հայտարարում էր, որ նա շատ կարճ ժամանակ գող է կարգվելու:



Մարդ, որը երկար տարիներ կրել է ոստիկանի ուսադիրներ, եղել է տարբեր բարձր պաշտոններում, այսօր տարբեր վայրերում հայհոյում է  ոստիկանին, նվաստացնում նրա պատիվն ու արժանապատվությունը: Ավելին, ըստ նրա, նա կարող է գնել ամեն ինչ եւ բոլորին` սկսած Հայկ Հարությունյանից, որը լուրջ դերակատարություն ունի իր անօրինական գործունեության ընթացքում, Ալիկ Սարգսյանին, որին, ըստ իր հայտարարությունների, ինքն է գյուղից բերել՝ մարդ դարձրել, պարտք եք նաեւ Դուք, պարոն Գասպարյան, քանզի երբ Դուք եղել եք ՆԳ նախարար Վ. Սիրադեղյանի օգնականը, ինքը շատ հարցերում է Ձեզ աջակցել եւ բարեխոսել Ձեզ համար, եւ բոլորը պարտք են իրեն (մեկ աղջկան տեղավորեց «Օվիրում», մյուս փեսային` քննչական վարչությունում, որը ներկայում Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետն է, բոլոր վայրերում ասում է, որ ինքը բացարձակ խնդիր չունի, իր դեմ խաղ չկա, եւ շուտով սպասվում է պաշտոնի բարձրացում եւ իր, եւ կնոջ համար):



Հարգելի պարոն Գասպարյան



Ապերը նույնիսկ կալանավայրում կարողանում է հարցեր լուծել, ինչպես այնտեղ, այնպես էլ դրսում, հանդիսանալով գաղութում հեղինակություն, որը կարգավորում է վերահսկել թմրամիջոցների շարժը դրսում եւ ներսում: Շատ բան չենք խնդրում Ձեզնից, Դուք կարող եք չհավատալ մեզ, բայց ցանկության դեպքում շատ շուտ կարող եք ճշտել մեր ասածների ճշմարտացիությունը եւ համոզված եղեք, որ մենք նշել ենք փաստերի, կատարվածի 1%-ից պակասը:



Կրկին անգամ խնդրում ենք Ձեզ՝ չմարեք մեր վերջին հույսը: Մենք հավատում ենք Ձեզ:



Աստված Ձեզ պահապան:



 



ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Սամվել Ալբերտի Խաչատրյանի հարազատներից