Կաշառքի միջոցով զինվորական գրքույկ հատկացնելու գործը դատարանում է

Կաշառքի միջոցով զինվորական գրքույկ հատկացնելու գործը դատարանում է

Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է զինվորական գրքույկ հատկացնելու դիմաց կաշառք պահանջելու գործով նախաքննությունը, որով մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Ըստ մեղադրանքի՝ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման նախորոշման բաժանմունքի պետ, 48-ամյա Արտաշես Արշակյանը նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի տեսուչ Գայանե Հայրապետյանի հետ, վերջինիս միջոցով այդ զինկոմիսարիատում արդեն իսկ հաշվառված Հայկ Կիրակոսյանից, վերջինիս հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք և հետագայում զինվորական գրքույկ հատկացնելու գործընթացը կաշառքի միջոցով կազմակերպելու պատրվակով պահանջել և ստացել են 416 020 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումար: Արտաշես Արշակյանին և Գայանե Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 –րդ հոդվածի 2-րդ մասի 1, 1.1 , 5 կետերով, նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում: Հիշեցնենք, որ ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, մայոր Ա.Արշակյանն ու տեսուչ Գ.Հայրապետյանը ձերբակալվել են հունիսի 5-ին՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին։ Քրեական գործը վարույթ է ընդունել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։