Կտեղադրվի՞ Կիմ Երիցյանի արձանը

Կտեղադրվի՞  Կիմ Երիցյանի արձանը

«Կիմ Երիցյան» մշակութային հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է կինոյի եւ թատրոնի սիրված դերասան, ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի արձանի կառուցման եւ տեղադրման գործընթացը: Կազմակերպությունը ցանկանում է արձանը տեղադրել փոքր կենտրոնի որեւիցե պուրակում կամ մշակութային օջախներից մեկում: Երեկ հարցի հետ կապված քննարկում էր ծավալվել Հանրային խորհրդում: Խորհրդի նիստը վարող Լեւոն Իգիթյանը, իր դիրքորոշումը հայտնելու համար, քիչ հեռվից եկավ, նշելով, որ Կիմ Երիցյանը, անշուշտ, մեծ դերասան է, բայց նրա նման մի 50-60 դերասան մենք ունենք, ինչը չի նշանակում, որ ամբողջ քաղաքում պետք է արձաններ տեղադրենք, ու թե՝ «ով սպոնսոր ունի, ով ղոչաղ է, նրա արձանն էլ դրվում է»: Ծավալվեց փոքր բանավեճ, կազմակերպության նախագահը նշեց, որ իրենցից փող չեն ուզում, այլ ընդամենը բարի խոսք, համաձայնություն` արձանը տեղադրելու համար, առավել եւս, որ Դրամատիկական թատրոնն առաջարկում է իր թատրոնին կից Մոսկովյան պուրակում տեղադրել: Վերջնական արդյունքում Հանրային խորհուրդը տվեց իր դրական արձագանքը, բայց դրանով հարցը չլուծվեց, որովհետեւ արձանի տեղադրման թույլտվությունը տալու է քաղաքապետարանին կից գեղարվեստական խորհուրդը` արձանի գեղարվեստական արժանիքները քննելուց հետո: