Գյուղ, որ չունի դպրոց, մանկապարտեզ, գյուղապետարան ու բնակիչ

Գյուղ, որ չունի դպրոց, մանկապարտեզ, գյուղապետարան ու բնակիչ

Լոռու մարզի Հալավար գյուղը՝ այժմյան Լեռնաջուրը, ունի 230 բնակիչ՝ ժամանակավոր բնակվողները ներառյալ, իսկ փաստացի այսօր այս գյուղում բնակվում է մոտ 70 հոգի: Գյուղ այցելելն իսկական փորձություն է ինչպես վարորդների, այնպես էլ բնակիչների համար: Միջքաղաքային մայրուղուց գյուղը հեռու է 12 կմ, որից 8 կմ հատվածը գտնվում է գրեթե անանցանելի վիճակում: Գյուղապետ Սարգիս Հակոբջանյանն ասում է, որ գյուղի միջոցները բավարար չեն ճանապարհները նորոգելու համար: Գյուղում ոչ դպրոց կա, ոչ էլ մանկապարտեզ, անգամ բուժօգնության հնարավորություն չունեն գյուղացիները՝ բուժկետի բացակայության պատճառով: Գյուղում այսօր անգամ երիտասարդներ չկան, նրանք հեռանում են դպրոցի ու աշխատատեղերի բացակայության պատճառով՝ չտեսնելով իրենց հետագա կյանքն այս գյուղում: 



 



Դպրոցահասակ երեխաները հաճախում են հարեւան Լեռնապատի ու մարզկենտրոն Վանաձորի դպրոցները: Գյուղի հիմնադրման օրվանից մինչ օրս ներհամայնքային տրանսպորտ չի աշխատում Լեռնաջուրում: Այս գյուղի բնակիչների հիմնական զբաղվածությունն անասնապահությունն ու այգեգործությունն է, իսկ անասնապահությանը խանգարում են գայլերի մշտական հարձակումները:



Լեռնաջուրը վերաբնակեցվել է 1991-ին, նախկինում եղել է ադրբեջանաբնակ: Գյուղապետ Սարգիս Հակոբջանյանի փոխանցմամբ, վատ ճանապարհների ու կոմունիկացիաների բացակայության պատճառով ոչ ոք չի ցանկանում բնակվել Լեռնաջուր գյուղում: Երիտասարդներն այստեղից հեռանում են, մնացել են ծերերը միայն, որոնց էլ կամաց-կամաց  իրենց զավակներն են տանում գյուղից: Գյուղում պետական ծրագիր տարիներ ի վեր չի իրականացվել, միայն մի անգամ այգիներն են վերականգնել, հետո մթերման խնդիրներ են առաջացել, ու ծրագիրը դադարեցվել է:



Խնդիրներով լի այս գյուղի միակ դրական կողմն աշխարհագրական դիրքն է: Գյուղը որեւէ կառույց չունի, լինի դա դպրոցի, մանկապարտեզի թե համայնքային կենտրոնի շենք, անգամ գյուղապետարանն այստեղ գործում է տնակային պայմաններում: Այս գյուղի հնաբնակներն ասում են, որ իրենց վաղուց արդեն մոռացել է թե՛ կառավարությունը, թե՛ գյուղից դուրս ապրող մարդիկ, իսկ իրենք էլ չեն հեռանում, որովհետեւ գյուղում պարզապես մարդ չի մնա:



 



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ



 Լոռու մարզ