Քաղաքապետարանում սկսվել է ուղևարձի հաշվարկի թվանկարչությունը

Քաղաքապետարանում սկսվել է ուղևարձի հաշվարկի թվանկարչությունը

Մինչ ակտիվիստները ինտերնետ տիրույթում  ակնարկում ու նախազգուշացնում են ուղեվարձի թանկացման դեմ ավելի ուժգին պայքարելու մասին, քաղաքապետարանը դանդաղ տեմպերով փորձում է այդ թանկացման համար անվիճելի հիմնավորումներ ձեւակերպել: Այդ ձեւակերպումներն այլ կերպ կոչվում են «ներքաղաքային տրանսպորտի սակագնի ձեւավորման հանձնաժողովի քննարկումներ»: Այս հանձնաժողովում միայն քաղաքապետարանի «դրության» մեջ մտնող, նրանց տեսակետը պաշտպանող կազմակերպություններ ու ներկայացուցիչներ են, միակ ընդդիմացողն «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն է:



 



Այս հանձնաժողովի անդրանիկ քննարկումը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին, եւ դրանից հետո  քաղաքապետարանը կրքով տրվեց  Երեւանի տոնակատարության քեֆ-ուրախությանը: Տեւական ժամանակ  է՝ խոսք չկար հանձնաժողովի  հաջորդ նիստի մասին: Երեկ տեղեկացանք, որ հաջորդ նիստը տեղի կունենա այս շաբաթվա  ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ չորեքշաբթի օրը:



 



Փոխքաղաքապետ, հանձնաժողովի ղեկավար Վահե Նիկոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ընթացքում հանձնաժողովի անդամներին բաժանվել է հաշվարկը, որն արվել էր մեկ ամսվա կտրվածքով: Իսկ հաշվարկն արվել է շարժակազմի մեկ ամսվա ծախսերի մասով, ապա մեկ շաբաթ ժամանակ է տրվել ծանոթանալուն: Ինչպիսի՞ն է  հաշվարկը. «Այդ հաշվարկը մեկ ուղեւորին չի վերաբերում, դա վերաբերում է մեկ ավտոբուսի եւ միկրոավտոբուսի մեկ ամսվա շահագործման համար պահանջվող ծախսերին»,- ասաց Նիկոյանը: Իսկ իրենց հաշվարկներով,   մեկ  միկրոավտոբուսը  մեկ ամսվա  կտրվածքով շահագործելը 1 միլիոն 45 հազար դրամ է կազմում, գազով աշխատող  ավտոբուսի ծախսը մեկ ամսվա կտրվածքով՝ 1 մլն 450 հազար դրամ, իսկ դիզվառելիքովը՝ 1 մլն 878 հազար: 



 



Այս հաշվարկը քաղաքապետարանինն է, այդ պատճառով չի բացառվում, որ դրանք ուռճացված ծախսեր են, որոնցով անհրաժեշտ է կյանքի գնով հիմնավորել ուղեվարձի սակագնի թանկացումը: Սակայն Վահե Նիկոյանն ասում է, որ  այդ հաշվարկները եւս վերջնական չեն, դրանք ներկայացվել են  հանձնաժողովի անդամներին եւ այս շաբաթ էլ կքննարկվեն:  Իսկ  մեկ ուղեւորի ծախսը դեռ չեն հաշվարկել, դա՝ հաջորդիվ: «Ուղեվարձի արժեքը  շատ մեծ  քննարկման առարկա է, նորմատիվային ուղեւորահոսքի վերլուծություն պետք է ներկայացվի, եթե քննարկենք ճիշտ ուղեւորահոսքը եւ ծախսերը բաժանելով ուղեւորահոսքի վրա՝ կստանանք այդ արժեքը»:



 



Թերեւս  բողոքի տեղիք չտալու համար  քաղաքային իշխանությունը փորձում է «մանրակրկիտ» թվանկարչությամբ հիմնավորել թանկացումը: Իսկ մինչ այս տեղի ունեցած հանրային քննարկումները, երբ իրենցից գոհ  հայտարարեցին ուղեվարձի սակագնի 150 դրամ դարձնելու որոշման մասին, այսպիսի՞ն էին հաշվարկները:  Նիկոյանն ասաց, որ այն ժամանակ չկային չափորոշիչներ, որ լիներ նման հաշվարկ: Իսկ չափորոշիչները մշակվել են անցած նիստում, հիմա էլ հաշվարկ է արվել: Այսինքն, քաղաքապետարանի ստեղծած հանձնաժողովի այս հաշվարկային  գործընթացը  եւս մեկ անգամ հաստատում է, որ Տարոն Մարգարյանի՝ ուղեվարձի սակագինը 150 դրամ դարձնելու հուլիսյան  որոշումը բացարձակ ապօրինի էր՝ հաշվարկներով չհիմնավորված, եւ քաղաքապետարանը պատասխանատվության պետք է ենթարկվի մի քանի օր քաղաքացիներից ապօրինի  50 դրամ շորթելու համար:  



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]