Ծառուկյան-Բաղդասարյան վեճին միջամտում է արդարադատության նախարարը

Ծառուկյան-Բաղդասարյան վեճին միջամտում է արդարադատության նախարարը

Հոկտեմբերի 19-ին Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից սկիզբ առած սկանդալը հավակնում է վերածվել համապետականի:



Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Ազգային անվտանգության խորհրդի շենքում տեղի ունեցան Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, եւ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի քավորությամբ նախագահ դարձավ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նույն օրը, երբ ողջ Ազգային անվտանգության խորհրդի կազմը մեկնել էր օդանավակայան` դիմավորելու Բրյուսելից ժամանող Սերժ Սարգսյանին, մինչ օդանավի ժամանելը ԱԱԽ անդամ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ բախում է եղել, որը վերածվել է իսկական հայավարի ռազբորկայի:



 



Գագիկ Ծառուկյանը հաշիվ է պահանջել առանց իր գիտության կայացած ընտրությունների համար: Վեճն այնքան է թեժացել, որ «յոթհարկանի» հայհոյանքներ են հնչել, եւ կողմերին հազիվ են իրարից անջատել: Ներկաներին հատկապես զարմացրել է այն, որ Արթուր Բաղդասարյանն «առյուծի սիրտ էր կերել»: Սովորաբար, ֆեդերացիաների նախագահները նշանակվում են օլիմպիականի կողմից, եւ եթե ՀԱՕԿ նախագահը տեղյակ չէ, կնշանակի Բաղդասարյանն ինքնահռչակ է: Հենց շաբաթ օրը ՀԱՕԿ-ը խոստացավ կատարվածն անպատասխան չթողնել ու հանդես գալ հայտարարությամբ: Երեկ հրապարակված հայտարարությունում ՀԱՕԿ-ը հիշեցրել է, որ ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով ՀԱՕԿ-ը շարունակում է համադասել մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, այդ թվում նաեւ ֆեդերացիաների: Կոմիտեն այս հայտարարությունը տարածել է ի պատասխան «ՀԱՕԿ-ի եւ ազգային ֆեդերացիաների հավասարազորության մասին խոսակցությունների»»:



 



«Ավելին, համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի 29-րդ հոդվածի, ՀԱՕԿ-ը հանդիսանում է միակ ազգային կազմակերպությունը, որի ճանաչումից հետո միայն հասարակական կազմակերպությունը կարող է հանդիսանալ մարզաձեւի ազգային ֆեդերացիա եւ ներկայացված լինել միջազգային կառույցներում: Նույնիսկ եթե հասարակական կազմակերպությունը ճանաչվել է այդ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կողմից, որեւէ խախտման դեպքում, համաձայն Խարտիայի եւ ՀԱՕԿ կանոնադրության, ՀԱՕԿ-ն իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը»,- նշված է հայտարարության մեջ: Եթե նկատեցիք՝ ՀԱՕԿ-ն ակնարկում է, որ եթե ինքը չճանաչի տվյալ ֆեդերացիան, ապա այն «անվավեր» կլինի եւ չի ունենա միջազգային ճանաչում, բայց միայն այսքանը, ոչ մի կոնկրետացում՝ կոմիտեն ճանաչո՞ւմ է կամ կճանաչի՞ արդյոք, թե՞ նոր ընտրություն կհայտարարի:



 



Սա նման է նախազգուշացման: Սակայն ժամեր անց արդարադատության նախարարությունը սառը ցնցուղ պահեց ԲՀԿ-ի եւ ՀԱՕԿ ղեկավարի ուղղությամբ՝ պատասխանելով այն հարցերին, թե արդյոք ՀԱՕԿ-ն իրավասո՞ւ է իր կազմից հեռացնելու ՀՎՖ-ին, արդյոք ՀՎՖ-ն պարտավո՞ր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ, եւ արդյոք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադի՞ր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու եւ միջազգային մրցույթներին մասնակցելու համար:



«ՀԱՕԿ-ն իրավաբանական անձանց միություն է, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ստեղծել են ոչ առեւտրային կազմակերպությունները` իրենց գործունեությունը համակարգելու, ինչպես նաեւ ընդհանուր շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակներով: Սակայն պետք է ի գիտություն ընդունել նաեւ, որ նույն օրենսգրքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` միության մասնակիցները (այդ թվում միության անդամ մարզական ֆեդերացիաները) պահպանում են իրենց ինքնուրույնությունը եւ իրավաբանական անձի իրավունքները»,- հայտարարեցին նախարարությունից: 



 



Այսպիսով արձանագրվեց, որ ՀԱՕԿ-ն իրավասու չէ միջամտել ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց: Հայտարարությամբ ասվում է նաեւ, որ ՀԱՕԿ կանոնադրությունը նախատեսում է, որ «ՀԱՕԿ-ի կողմից ճանաչվելու եւ նրան անդամագրվելու համար մարզաձեւի ազգային ֆեդերացիան նախ պետք է անդամագրվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված մարզաձեւի միջազգային ֆեդերացիային եւ վարի օլիմպիական խարտիային եւ տվյալ միջազգային ֆեդերացիայի կանոնադրությանը համապատասխան գործունեություն»:



 



«Այսպիսով, ոչ թե ՀԱՕԿ-ի անդամությունն է նախապայման համապատասխան միջազգային ֆեդերացիային անդամակցելու համար, այլ հակառակը՝ կազմակերպությունն ինքնաբերաբար դառնում է ՀԱՕԿ անդամ, երբ ճանաչվում է համապատասխան միջազգային  ֆեդերացիայի կողմից: Ավելին, համապատասխան միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիան Օլիմպիական խարտիայի եւ ՀԱՕԿ կանոնադրության ուժով համարվում է ՀԱՕԿ անդամ»,- ասվում է հայտարարության մեջ:



Փորձեցինք հասկանալ, թե ինչ է սպասվում այս հայտարարություններից հետո: ՀԱՕԿ քարտուղար Հրաչիկ Ռոստոմյանը երեկ անհասանելի էր, զրուցեցինք ՀԱՕԿ քարոզչության վարչության պետ Աստղիկ Մարտիրոսյանի հետ, ով փորձեց շրջանցել մեր հարցը՝ ընթերցելով միջազգային խարտիայի 29-րդ հոդվածը, որը բխում է ԲՀԿ ղեկավարի շահերից. «Նույնիսկ եթե հասարակական կազմակերպությունը ճանաչվել է այդ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կողմից, որեւէ խախտման դեպքում, համաձայն Խարտիայի եւ ՀԱՕԿ կանոնադրության, ՀԱՕԿ-ն իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը»: Սակայն, ի վերջո, ՀԱՕԿ ճանաչումից հետո՞ է որեւէ հասարակական կազմակերպություն դառնում ազգային ֆեդերացիա, ինչպես նշված է ԲՀԿ հայտարարության մեջ: Տիկինը վրդովվեց:



 



«Ոչ, ոչ ոչ, գիտեք, հայտարարության մեջ շատ հստակ ասվում է, որ ինքն էսպես, թե էնպես ստեղծվում է ազգային ֆեդերացիա, հետո՝ միջազգային կոմիտեի կողմից ճանաչում ստանալուց հետո, ինքնըստինքյան մտնում է ՀԱՕԿ կազմի մեջ, թե չէ ՀԱՕԿ-ը ոչ կարա ստեղծի, ՀԱՕԿ-ն ինքը այդ հասարակական կազմակերպությունների միությունն է»,- ասաց տիկին Մարտիրոսյանը՝ ծայրից ծայր հղում անելով արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությանը: Փաստորեն, ԲՀԿ-ն է սխալվել: «Երեւի, գիտեք, ինչ-որ թյուրըմբռնում կա, խրթին է մեզ մոտ ձեւակերպված, բայց էդպես չի»,- ասաց ՀԱՕԿ քարոզչության վարչության պետը: Նա հավելեց նաեւ, որ առաջիկայում, այնուամենայնիվ, ՀԱՕԿ-ը հայտարարություն կտարածի ՀՎ ֆեդերացիայի հետ աշխատանքային հարաբերությունների եւ նման այլ հարցերի վերաբերյալ:



 Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]