Նախագահականի սխալ հաղորդագրությունը

Նախագահականի սխալ հաղորդագրությունը

Հոկտեմբերի 24-ին, Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրը, գրեթե կեսգիշերին մոտ, ՀՀ նախագահականը տարածել էր հաղորդագրություն այդ կառույցի նիստին Սերժ Սարգսյանի մասնակցելու մասին: Տեքստը կազմված էր ընդամենը երեք նախադասությունից: Բայց հենց միայն հաղորդագրության վերնագրում եւ առաջին նախադասության մեջ երեք այնպիսի ակնհայտ սխալներով տեղեկատվություն էր տարածվել, որ մնացյալ տեքստի հավաստիությունն էլ թվաց կասկածելի:



 



ՆԵ՞Ղ, ԹԵ՞ ԼԱՅՆ ԿԱԶՄՈՎ






Խնդրո առարկա հաղորդագրության վերնագիրը եւ առաջին նախադասությունը հետեւյալն էին.



«Նախագահը Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին



Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ նիստին»:



Քանի որ հոկտեմբերի 24-ի երեկոյան մի քանի ժամ ինքս Բելառուսի լրատվական գործակալության` Բելտայի կայքում հետեւել էի գագաթնաժողովի լուսաբանմանը, ապա պարզ էր, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են միայն Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները, Սերժ Սարգսյանն այդտեղ բացարձակապես ներկա չի եղել: Նեղ կազմով նիստն անցել է նախ փակ դռների ետեւում, ապա լրագրողների ներկայությամբ, եւ օրվա էկզոտիկ հայտարարությունների գոնե մի մասը` Մաքսային միության հետ Սիրիայի, Թուրքիայի, Հնդկաստանի համագործակցելու կամ միանալու ցանկությունների մասին բարձրաձայնվեցին հենց այդ նեղ կազմով նիստի ավարտին, տեսանյութերն էլ տեղադրվեցին համացանցում: Դահլիճի ոչ մի անկյունում պրն Սերժ Սարգսյանը չէր երեւում (բացարձակ ճշգրիտ լինելու համար` նեղ կազմով նիստին մասնակցել էր նաեւ Եվրասիական ինչ-որ հանձնաժողովի ղեկավար, որը, հասկանալի է, երկրի ղեկավար չէ):



 



Այս նեղ կազմով նիստից հետո գումարվել է արդեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստ, եւ Մաքսային եռյակի նախագահներին միացել են Հայաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի նախագահները եւ Ղրղզստանի առաջին փոխվարչապետը` Ջոոմարտա Օտորբաեւ անուն-ազգանվամբ: Ղրղզստանի նախագահն ընդհանրապես Մինսկ չէր ժամանել, եւ դրա մասին անվերջ լրատվամիջոցներով հաղորդվում էր, այնպես որ, մնում է հարցը, թե ՀՀ նախագահականի մամլո հաղորդագրություններ գրողները որտեղ էին Ղրղզստանի նախագահ տեսել, որ դրա մասին գրել էին: Իրենց մոտ տեսողական խաբկանքնե՞րն են սովորական երեւույթ, թե՞ անպատասխանատվությունը: Վերջապես, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 24-ի, ինչպեսեւ բոլոր նախորդ կամ հաջորդ նիստերին, որքան գոյություն քարշ կտա այդ կառույցը, պարտադրաբար մասնակցում են երեք նախագահներ` Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի Դաշնության` կուզի նիստերը նեղ կազմով լինեն, կուզի` լայն: Այնպես որ հրավիրյալներին նշելուց առաջ նախ նիստի հիմնական մասնակիցներին է պետք նշել:



Հուսանք, որ այս հրապարակումից հետո նախագահականի կայքում գոնե թվարկված ակնհայտ սխալները կուղղվեն, բայց դրանց սպրդելն ավելի էական զարգացման մասին է խոսում:



 



ՈՐՏԵ՞Ղ Է ՈՐՈՇՄԱՆ ՏԵՔՍՏԸ






Ամենայն հավանականությամբ, նախնական սցենարով նախատեսված է եղել կամ Սերժ Սարգսյանը պատրաստվել է հանդիպման Մաքսային եռյակի ղեկավարների հետ, ինչի մասին էլ նախապես նախագահականում կազմվել է մամլո հաղորդագրության տեքստը: Սակայն քանի որ եւ Բելառուսը, եւ Ղազախստանը որեւէ շահագրգռություն չեն ցուցաբերել Հայաստանին Մաքսային միություն տանելու հարցում, Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտությունը հավանաբար վերացել է, եւ նրան դահլիճ են հրավիրել մնացյալ հրավիրյալների հետ միասին: Ընդհանուր խոսակցությունները եղել են եւ Հայաստանի, եւ Ուկրաինայի ԵՄ եւ մաքսային ինտեգրումների մասին: Դատելով նիստին հաջորդած ասուլիսում Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների խոսքից եւ Հայաստանի վերաբերյալ անդրադարձներից՝ թվում է, թե նրանք Հայաստանի հետ ինչ-որ թղթերի հաստատումն անգամ չեն նկատել:



 



Համաձայն ՀՀ նախագահականի` Հայաստանի վերաբերյալ երեք փաստաթուղթ է ներկայացվել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին, որոնք նախագահականի տերմինաբանությամբ «հաստատվել» են` մի որոշում, մի հայտարարություն եւ մի հուշագիր: Ավելորդ է ասել, որ հայտարարությունը կամ հուշագիրը չեն կարող հաստատվել, հայտարարությունը կատարվում կամ ընդունվում է կողմի կամ կողմերի կողմից, հուշագիրն էլ ստորագրվում է կողմի կամ կողմերի միջեւ:



 



Գալով որոշմանը՝ միայն Կրեմլի կայքից պարզ դարձավ, որ Հայաստանին առնչվող մի որոշում է գոյություն ունեցել, որը ոչ թե հաստատվել է, այլ ստորագրվել, եւ դրա վերնագիրն է. «Որոշում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու մասին»:



Ինչ ասես… եթե Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին որոշման անգամ վերնագիրը պետք է ոչ թե ՀՀ նախագահի, այլ Կրեմլի կայքից հասանելի դառնա, պարզից էլ պարզ է, թե այդ որոշումը որտեղ է գրվում: Իսկ որոշման տեքստը գոնե Հայաստանում կա՞: Եթե կա որոշումը, եւ այն ստորագրվել է, ապա ինչո՞ւ չի տեղադրվում ՀՀ նախագահի կայքում: Պարզ է, որ դա զուտ ձեւական փաստաթուղթ է մտադրության մասին, այնքան աննշան, որ Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները Հայաստանի ՄՄ անդամակցության թեման գրեցին սառույցին, բայց ինչ էլ լինի` Հայաստանի քաղաքացիները պե՞տք է այդ փաստաթուղթը տեսնեն, թե՞ ոչ:



Ի վերջո, հետաքրքիր է՝ դա ինչ ծանծաղության փաստաթուղթ է, որ եզրափակիչ ասուլիսում ոչ Լուկաշենկոն, ոչ Նազարբաեւը, ոչ Պուտինը որեւէ բառ չասացին Հայաստանի հետ որեւէ թղթի ստորագրման մասին, եւ լրատվությամբ էլ նման տեղեկություն չկար: Միայն գրեթե կեսգիշերին ՀՀ նախագահականի կայքից պարզվեց, որ ինչ-որ թուղթ է ներկայացվել, Կրեմլի կայքից էլ պարզվեց, որ այն ստորագրվել է: 



 



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ