Աբսուրդի և զավեշտի թատրոն Մինսկում

Աբսուրդի և զավեշտի թատրոն Մինսկում

Մինսկում հոկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը,  հայկական վերլուծաբանների գնահատմամբ, գերազանցեց արդի տրագիկոմեդիկ ամենազիլ ներկայացումն անգամ. այստեղ հնչած իրարամերժ, զվարճալի, երբեմն աբսուրդի հասնող հայտարարությունները պուտինյան Մաքսային միության համար անլուրջ կառույցի իմիջ ձեւավորեցին:



 



Հիշեցնենք, որ նիստին մասնակցում էին Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի նախագահները: «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստում քննարկման է ներկայացվել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ, որոնք հաստատվել են: Դրանք են՝ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագիրը»,-  ասվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ, մինչդեռ նիստին մասնակիցների զավեշտալի հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ այստեղ պատկերացում անգամ չունեն, թե ի վերջո ինչ է ՄՄ-ն, ինչպիսի պահանջներ է թելադրում, եւ ովքեր կարող են դրան անդամակցել:



 



Օրինակ հստակեցվեց, որ 2014-ին Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը երեքով են հիմնադրելու Եվրասիական միությունը, որն առանց որեւէ ընդլայնման սկսելու է գործել 2015-ից, որից կարելի է հետեւություն անել, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ հարցն անորոշ ժամկետով հետաձգվեց, սակայն մեկ այլ հայտարարության համաձայն Մաքսային միության ընդլայնման հեռանկարին, մասնավորապես Հայաստանի անդամակցությանն անդրադառնալով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը ողջունում է Մաքսային միությանը նոր անդամների միանալը, քանի որ դա միությունն ավելի կայուն է դարձնում: «Այդ պատճառով մեր միության դռները մշտապես բաց են նաեւ այլ երկրների համար, սակայն, միեւնույն ժամանակ, պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանը եւ այլ երկրներ պետք է անցնեն ինտեգրացիայի այն նույն ճանապարհը, որն արդեն անցել են Ղազախստանը, Բելառուսը եւ Ռուսաստանը, եւ իրենց վրա պետք է վերցնեն պատասխանատվությունն իր ողջ ծավալով՝ առանց բացառությունների»,- նշել է Լուկաշենկոն:



 



Մի խոսքով, իսկական շիլաշփոթ, որից գլուխ չեն հանում անգամ Ռուսաստանի քարոզչությամբ զբաղվող քաղաքագետները: Կովկասյան ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով, նման իրարամերժ հայտարարություններից ակնհայտ է, որ այդ միությունը Պուտինի անձնական իդեաֆիքսն է, քանի որ նա այդ մասին հայտարարել էր դեռ նախընտրական ժամանակաշրջանում. «Նա երրորդ ժամկետ նախագահ չի լինելու, եւ այս ամենը ոչ թե քաղաքական  կամ լուրջ տնտեսական հաշվարկների խնդիր է, այլ անձնական սենտիմենտալ ամբիցիաների դրսեւորում»:



Քաղաքագետի համար կայացած նիստից մի բան է ընդամենը հասկանալի դարձել. «Եվ Ռուսաստանը, եւ Ղազախստանը, եւ Բելառուսը դեռ իրենք հստակ պատկերացում չունեն, թե ինչ են ուզում եւ ինչպես են պատկերացնում այդ Մաքսային միությունը: Նույն վիճակն է նաեւ Հայաստանի շուրջ, եւ այժմ հստակ չէ՝ արդյոք պե՞տք է արագացնել ՄՄ մտնելու գործընթացը, թե՞ հակառակը՝ սպասել, որ ամեն բան անցնի, հետո եվրոպական ինչ-որ կառույց մտնել: Դրա պատկերացումը դեռ գոյություն չունի, առավել եւս, որ զարգացումները թե եվրոպական, թե եվրասիական ուղղությամբ դեռեւս հստակ չեն: Ուստի թե Լուկաշենկոյի, թե Նազարբաեւի, թե այլոց հայտարարություններին պետք է մի քիչ թեթեւ նայել, որովհետեւ իրենք էլ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ են ուզում»: Իսկ Հայաստանին հրավիրել են այդ միություն միայն մեկ բանի համար, որպեսզի թույլ չտան Վիլնյուսում փաստաթուղթ ստորագրի: Մինսկում հնչած անակնկալ հայտարարություններից էր նաեւ, հիշեցնենք, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջարկը՝ Թուրքիային ընդունել Մաքսային միություն:



 



«Թուրքիայի վարչապետը` Էրդողանն է ինձ դիմել. հնարավոր չէ՞ Թուրքիային ընդունել Մաքսային միություն»,- հարցրել է Ղազախստանի նախագահը, ապա դրական արտահայտվել նման հնարավորության մասին: «Թուրքիան մեծ երկիր է, նրա հետ ունենք ընդհանուր սահման: Եվ քննադատությունն էլ կվերանա: Արեւմուտքում ուր գնաս, իսկույն նույնն են հարցնում` դուք Սովետական Միությո՞ւն եք ստեղծում, թե՞ ինչ-որ բան եք ստեղծում Ռուսաստանի ներքո: Ստիպված ես լինում բացատրել, որ նման բան չկա: Գուցե Թուրքիային ընդունենք, եւ դրանով հարցերը վերջանան»,- առաջարկել է Ղազախստանի նախագահը:



 



Ընդգծումը, որ Թուրքիայի հետ կա ընդհանուր սահման, ինչը բացակայում է, փաստորեն, Հայաստանի դեպքում, ըստ ՌԱՀՀԿ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Մանվել Սարգսյանի, կրկին այն մասին է վկայում, որ այստեղ անգամ վերջնական որոշում չկա, թե որ պետությունները կարող են անդամակցել ՄՄ-ին: «Ավելին՝ խոսվեց Սիրիայի մասին եւ այլ երկրների, մի բան հստակ է, փորձ է արվում երկրների դաշինք ձեւավորել, բայց համոզված եմ, որ հետագայում ինտեգրացիոն խնդիր չի դրվի, որովհետեւ նման ձեւով որեւէ ինտեգրացիայի մասին խոսելն անգամ ավելորդ է, ոչ մեկը չխոսեց ստանդարտների մասին, ոչ մեկը չխոսեց, թե ինչի շուրջ պետք է հավաքվել, ոչ մեկին չի էլ հետաքրքրում, բոլորին հետաքրքրում է, թե ով կա այդ ճամբարում: Այնքան անհեթեթ հայտարարություններ արվեցին, որից կարելի է ենթադրել, թե ցանկություն կար սկսված գործընթացը միտումնավոր «պրավալ» տանել»:



Քաղաքագետի համար ի սկզբանե է պարզ եղել, որ այս ամբողջը Պուտինի «խաղերն» են, որը վերջում չի հանգեցնելու լուրջ գործընթացի: «Այս տարածքում Պուտինի սեփական խաղերն են, սրանք ընդամենը, չգիտեմ ինչ նպատակով, բայց որոնք շատ վտանգավոր են միեւնույն ժամանակ: Հայաստանը պետք է հարյուր անգամ մտածեր՝ մտնե՞լ, թե՞ ոչ այդ խաղի մեջ, բայց, ինչպես երեւում է, մերոնք մտածելու ցանկություն չունեն»: Իսկ ստորագրված փաստաթղթե՞րը: «ԱՊՀ-ում էլ էր րոպեն մեկ փաստաթուղթ ստորագրվում, բայց հետո հայտարարում էին, որ ոչ մեկն էլ չի աշխատում»,- հակադարձեց Սարգսյանը:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ