Ավշարում էլ են ընտրություններ սպասվում

Ավշարում էլ են ընտրություններ սպասվում

Արարատում նորանշանակ  մարզպետին եւս մեկ ընտրական փորձություն է սպասվում արդեն հայրենի գյուղում` Ավշարում, ուր, ըստ «չար լեզուների», գյուղապետը հրաժարական է տվել Գրիգորյանների հորդորով, չնայած նրանց մարդն է եղել: Գյուղապետ Անուշավանը բանալիներն ու կնիքը հանձնել է նախկին գյուղապետի` Գրիգորյանների եղբայր Սուրիկի որդուն ու գնացել է «հայդա` տուն»: Գրիգորյաններն էլ իրենց հերթին են գնացել Անուշավանենց տուն` համոզելու-հետ բերելու, չի եկել, մի հատ էլ էդտեղ են կոնֆլիկտ ունեցել: «Նեղացրել եք գյուղապետին, դրա՞ համար է հրաժարական տվել»,- հարցրինք Արայիկ Գրիգորյանին:



 



«Ո՜նց կարող էինք նեղացնել, եւ կամ ինչո՞ւ պիտի նա նեղանար»: Ինչ-որ փաստաթղթերի հետ կապված: «Չկա նման բան, որքան տեղեկացված եմ, նա հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով»: Իսկ հիմա ուրիշ թեկնածու ունե՞ք գյուղապետի պաշտոնում: «Ո՞նց կարող ենք չունենալ, սակայն դեռ ոչինչ չենք որոշել, անգամ չգիտենք, թե որ օրն են ընտրությունները»: Հնարավո՞ր է կրկին Ձեր եղբայրը` Սուրիկը, դառնա գյուղապետ կամ նրա որդին: «Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»:



 



Իսկ հնարավո՞ր է, որ ինչպես Արարատում, Ձեր գյուղում էլ պայքար գնա ԲՀԿ-ի հետ: «Եթե ԲՀԿ-ն թեկնածու կդնի, կպայքարենք, թող փորձեն. իրենց իրավունքն է»: Բա ինչո՞ւ չկարողացաք Ծառուկյանին համոզել, որ  իրենց թեկնածուին հանեն. չէ՞ որ դուք էլ էիք բանագնացների մեջ: «Ես որեւէ բանակցություն չեմ վարել, իրենց ցանկությունն ու իրենց գործն  է, կարող են հանել, կարող են` ոչ»: