Պահպանողական եւ ռեֆորմիստ

Պահպանողական եւ ռեֆորմիստ

Մեկընդմիշտ մերժված լինելով ԵԺԿ-ից՝ օրերս Հայաստան ժամանած Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցության  ներկայացուցիչներին ԲՀԿ-ն փորձել է համոզել, որ ճիշտ կլինի` ԲՀԿ-ն անդամակցի իրենց, որովհետեւ գաղափարական առումով իրենք միմյանց շատ մոտ են, ինչն էլ խորը տարակուսանք է առաջացրել ԵՊՌ-ի պատվիրակության անդամների մոտ. ինչպե՞ս կարող է մի կուսակցություն նախ հայտ ներկայացնել ԵԺԿ-ին, մերժվել, ապա մտածել, որ իրենց գաղափարակիցն է՝ նեղ միջավայրում խոսել են նրանք:



 



ԲՀԿ հաշվարկը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ԵԺԿ-ն ու ԵՊՌ-ն խիստ հակոտնյա են, նրանց միջեւ մրցակցությունը բավականին թեժ է, ինչն էլ ավելի կթեժանա առաջիկա գարնանը սպասվող  Եվրապառլամենտի ընտրությունների ժամանակ, ու ԵՊՌ-ն, որպեսզի վրեժ լուծի ԵԺԿ-ից, իրենց սիրով «կվերցնի»:



 



Հիշեցնենք, որ ԵԺԿ-ն մերժել էր ԲՀԿ-ին այն պատճառաբանությամբ, որ վերջինս հստակ գաղափարական ուղղվածություն չունի եւ օլիգարխի կողմից ղեկավարվող կուսակցություն է: Ի՞նչ եք կարծում` ԲՀԿ-ն կանդամակցի՞ ԵՊՌ-ին, հարցրինք ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին: «ԲՀԿ-ի օրակարգում կա նպաստելու ՀՀ-ի եւ Եվրոպայի գործակցության ընթացքին, փոխադարձ ինտեգրմանը` հանուն եվրոպական արժեքների, ինչի կբերի այդ գործակցությունը՝ չեմ կարող ասել, հավանաբար կբերի փոխինտեգրմանը, եվրոպական արժեքների դավանմանը»,- շատ «հստակ» պատասխանեց նա: