Սևանի ափին՝ խմելու ջրի կարոտ

Սևանի ափին՝ խմելու ջրի կարոտ

Նոյեմբերի 10-ին Սևան քաղաքում տոն էր` նշում էին Սևան բնակավայրի 171-ամյակը: Հրապարակում տոնական երգն ու պարն էին թևածում, բարձր տրամադրություն էր տիրում՝ հայկական զուռնայի հնչյունների տակ։ Սևանը հայի համար մեծագույն արժեք է, և ահա թե ինչու աշնանային այդ ցուրտ օրն այդքան անսպառ կարոտ ու ջերմություն կար։
Սևանցիների համար կրկնակի տոն էր, որովհետև 3 օր ջուր չունենալուց հետո վերջապես ջուրը տվել էին: Բնակիչները զարմացել էին այդ փաստից, մինչդեռ սովորաբար ընդամենը 4 ժամ են ջուր ունենում. 2-ական ժամով՝ առավոտյան և երեկոյան:



 



«Արդեն հոգնել ենք շշերով ու դույլերով ջուր հավաքելուց, եթե հյուր ենք ունենում, վատ ենք զգում, որ ջուր չունենք, տարիներ շարունակ զուգարանից դույլով ջուր լցնելով ենք օգտվում, մենք լճին կպած ենք, շատերը գալիս են Սևան՝ հանգստանում, հիանում լճի գեղեցկությամբ, իսկ մենք խմելու ջրի կարոտ ենք, տեսնես կգա՞ մի օր, որ օրվա մեջ ցանկացած պահի ծորակը բացենք, ու ջուր գա»,- ասում է Սևանի բնակիչներից մեկը: Մեկ այլ բնակիչ էլ ավելացնում է. «Հլա լավ ա, որ ժամը գիտենք և էդ ժամին ինչ գործ ունենում ենք, թողնում ենք ու ջրի հետ կապված գործերն անում»:



 



Այժմ Սևան քաղաքում հին ջրագծերը փոխարինվում են նորերով: «Հայջրմուղ-կոյուղու» Սևանի տեղամասի շահագործման բաժնից մեզ հայտնեցին, որ ամբողջ քաղաքում փոխվում են ջրագծերը, 1 միլիոն 300 հազար եվրո արժեքով ծրագիր է իրականացվում, և նախատեսված է այն ավարտին հասցնել 2014 թ. ապրիլի 1-ին: Այն հարցին, թե աշխատանքներն ավարտելուց հետո սևանցիները քանի՞ ժամ ջուր կունենան, ասացին, որ դեռ պարզ չէ, ավարտելուց հետո կճշտվի:



 



Հուսանք, որ 2014 թ. սևանցիները կունենան շուրջօրյա ջրամատակարարում և հաջորդ նոյեմբերի 10-ին կուրախանան ոչ թե շուրջօրյա ջուր ստանալու, այլ ջրառատ Սևանի ծննդյան օրվա կապակցությամբ:



 



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ