Ռումբը ժողովուրդն է, Բաղրամյանում դա լավ գիտեն, մնացած ռումբերը իրենք են սարքում

Ռումբը ժողովուրդն է, Բաղրամյանում դա լավ գիտեն, մնացած ռումբերը իրենք են սարքում

Ավելի լավ սցենար, քան ահազանգել, որ Բաղրամյան մետրոյի տարածքում ռումբ է տեղադրվել, հնարավոր չէ պատկերացնել: Պատկերացրեք, նման պարագայում և՛ մարդկանց մոտ կարող է խուճապ առաջանալ և ոստիկանությունը հանգիստ ու առանց դիմադրության կարող է տարհանել նախագահականի մոտ հավաքվածներին: Լա՜վ ինչքան կարելի թատրոն խաղալ, չեմ հասկանում՝ այս թատրոնը միայնա՞կ է բեմադրվել, թե Ստանիսլավսկի՞ն էլ է մասնակցել: Մե՞ղք չի այս ժողովուրդը, ինչքա՜ն կարելի է քամի փչել:



 



Սևակի խոսքերը հենց սրա մասին են. «Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը»: Մի՞թե կարելի է նման քամիներով մի ողջ ազգի գլուխ թռցնել՝ ո՜չ, հազա՜ր ոչ… Քամին արհեստական բարձրանում ու իսկույնևեթ նստում է, որովհետև այն տարերքի ծնունդ չի, իրական հիմք չունի: Նույնը նաև այս պարագայում: Իրարանցումն անցել, քամին հանդարտվել ու հիմա ռումբի մասին լուրերի վերաբերյալ ոստիկանությունը խորհրդանշական լռություն է պահպանում, իսկ թատրոնի պարագաները՝ ԱԻՆ բազմաթիվ փրկարարները և ոստիկանները, շտապօգնության մեքենաները տիկնիկային թատրոնից հետո կարելի էլի տեղը դնել: Մի՞թե կարելի այսքան դառը խաղ խաղալ ժողովրդի գլխին: Ռումբը ժողովուրդն է, Բաղրամյանում դա լավ գիտեն, մնացած ռումբերը իրենք են սարքում:



 




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ