Դե ձեզ տեսնենք, «բանվոր տղերք»...

Դե ձեզ տեսնենք, «բանվոր տղերք»...

Վերջերս, ընդամենը մեկ ամիս առաջ, Հայաստանի արհմիությունների համար տեղի ունեցավ մի շատ կարեւոր իրադարձություն:



Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան վերջապես ընդունեցին Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա (ITUC)՝ որպես լիիրավ անդամ-կազմակերպություն: Բայց նշանակալի այս իրադարձությունը հայրենի մամուլի համար մնաց աննկատ: Պատճառներին կանդրադառնանք խորագրի մյուս թողարկման մեջ, իսկ այսօր` բուն իրադարձության մասին:



 



Նախապատմությունը սա է: Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան (ITUC) ստեղծվել է 2006 թ.` Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի եւ Աշխատանքի համաշխարհային կոնֆեդերացիայի միավորման արդյունքում: Այստեղ ներկայացված է 155 երկրներից 301 կազմակերպություն, որ ներկայացնում են ողջ աշխարհի 176 մլն աշխատավորների շահերը: Նման խոշորագույն եւ հեղինակավոր կազմակերպության անդամ լինելը ոչ միայն, ինչպես ասում են, պրեստիժի հարց է: Դա նաեւ շատ կարեւոր է տվյալ երկրի արհմիությունների դերի բարձրացման առումով՝ մասնավորապես, օրենքների ընդունման հարցում:



Օրինակ, այդ կազմակերպության օգնությամբ ՀԱՄԿ-ի խնդրանքով Հայաստան են եկել փորձագետներ ու համոզել մեր օրենք ընդունողներին, որ նոր Աշխատանքային օրենսգրքում պետք է անպայման լինեն որոշ փոփոխություններ` ի շահ աշխատավոր մարդկանց: Մեր արհմիություններն այս հարցում անզոր են եղել` առաջարկել են, բայց, ինչպես ասում են, «բանի տեղ չեն դրել»: Իսկ միջազգային փորձագետների կարծիքը հաշվի է առնվել: Ու սա այն դեպքում, երբ մեր Արհմիությունների կոնֆեդերացիան այն ժամանակ լիիրավ անդամ չի եղել ITUC-ին:



Նախկինում, սկսած 2008 թ., մերոնք փորձում էին անդամակցել ITUC-ին, բայց չէր ստացվում: Պատճառը, ըստ ՀԱՄԿ-ի ղեկավարության, այն էր, որ մեր արհմիություններն իրենց կառուցվածքով չէին համապատասխանում արհմիութենական միջազգային նորմերին: Այդուհանդերձ, մերոնց, ինչպես ասում են, «չորով» չեն մերժել` 2008 թ. ընդունել են ITUC՝ որպես ասոցիատիվ անդամ ու 2 տարվա փորձաշրջանով: Ժամկետն անցնելուց հետո (2011 թ. աշնանը) մարդիկ եկել-ստուգել ու տեսել են, որ գրեթե բան չի փոխվել: Բայց էլի չեն «չորել»` կրկին 2 տարի են տվել փոխվելու համար…



 



Միայն այս տարի, երբ ՀԱՄԿ-ը վերջապես կարողացավ համոզել ճյուղային 24 արհմիութենական ղեկավարներին գոնե որոշ փոփոխության գնալ կանոնադրությունում ու գոնե մի փոքր կրճատել այդ ճյուղայինների թիվը (այսօր դրանք 21-ն են), ՀԱՄԿ-ին ընդունեցին որպես ITUC լիիրավ անդամ: Այդ կազմակերպությունում մերոնք ամենափոքրն են. պաշտոնապես 240 հազար մարդ է այսօր ՀԱՄԿ-ում, եւ տարեկան անդամավճարը ITUC-ին կազմելու է մոտ 2 հազար եվրո (ըստ էության, սիմվոլիկ թիվ` ամեն մի անդամից ընդամենը 5 դրամ):



Դա ի՞նչ կտա հենց մեր արհմիություններին ու, ի վերջո, ՀՀ աշխատավորներին:



 



Այս հարցին պատասխանեց ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:



 



- Նախեւառաջ, դա երաշխիք է արհմիությունների հանդեպ իշխանությունների ոտնձգությունների դեպքում: Նման դեպքերում ITUC-ը պաշտպանում է իր անդամ-կազմակերպություններին: Ճիշտ է, մեր նկատմամբ դեռ չի եղել որեւէ հարձակում, բայց նաեւ սատարում էլ չի եղել: Ամեն դեպքում, լինելով ITUC-ի անդամ, դու ավելի պաշտպանված ես: Նաեւ անդամակցությունը մեզ կտա զարգացման հնարավորություն` սեմինարների եւ այլ միջոցառումների կազմակերպում, փորձագետների օգնություն եւ այլն:  



 



- Վախ ունեի՞ք, որ սեպտեմբերի 3-ից հետո ձեզ չեն ընդունի այդ միջազգային կառույցը:



- Վախ կար, բայց պետք է ասեմ, որ ITUC-ն արհմիութենական համերաշխություան դաշտ է:



- Այսինքն, մեծ քաղաքականությունից ազատ դա՞շտ է:



 



- Գուցեեւ ոչ, որովհետեւ նույն Բելառուսի նկատմամբ երբ ԵՄ-ն խիստ հայտարարություններ էր անում, նույնն անում էր նաեւ ITUC-ը բելառուսական արհմիությունների հանդեպ: Խոսքս, այսպես ասած, ընդդիմադիր բելառուսական արհմիությունների մասին է, որովհետեւ «պաշտոնականը»` նախկին սովետական արհմիությունների ժառանգորդը ITUC-ին անդամակցելու հարցով նույնիսկ դիմում էլ չէր ներկայացրել: Ղազախստանի արհմիություններին էլ մերժեցին, մերժեցին նաեւ Եգիպտոսին, Նեպալին, Իրանին, Մակեդոնիային… Համարվում է, որ այդ երկրներում ավտորիտար ռեժիմներ են, արհմիությունների գործելակերպն էլ` ոչ թափանցիկ:   



 



- Իսկ մեր անմիջական հարեւաննե՞րը:



 



- Վրաստանն ու Ադրբեջանը մոտ 10 տարի լիիրավ անդամ են: Թուրքիան եւ Իրանը՝ ոչ…



- Դե ձեզ տեսնենք, հայաստանյան արհմիություններ… Մանավանդ որ արդեն «կռիշ» էլ ունեք, այն էլ` միջազգային մակարդակով` «վերեւների» ոտնձգություններից պաշտպանվելու պահով:



 



Վագա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ



«Հակաստվեր» ՀԿ