Անտուն, անհույս եւ հաշմանդամ

Անտուն, անհույս եւ հաշմանդամ

«Կյանքում շատ բաներ եմ տեսել, դժվարություններ հաղթահարել, սոված քնել, վատ պայմաններում ապրել, բայց երբեք չեմ մտածել, որ օրերից մի օր պադեզդում կապրեմ,-արցունքները մաքրելով՝ ասում է 63-ամյա Անահիտը:



 



- Դիմել եմ քաղաքապետարան, խնդրել, որ Հրազդանում հանրակացարաններ կան. մեզ մի սենյակ տրամադրեն,  ասացին՝ բնակարանով չենք կարող օգնել, միայն 20 հազար դրամ օգնություն են տվել»:



 



Տիկին Անահիտն իր 2 դուստրերի` Լուսինեի ու Քրիստինեի հետ բնակվում էր Հրազդան քաղաքի  մ/շ 70 շենքում: 2012թ. աղջկա վիրահատության համար գումար էր պետք, ստիպված վաճառեցին բնակարանը: Աղջկան վիրահատեցին, եւ այդ օրվանից վարձով են ապրում: 2 աղջիկներն էլ երրորդ կարգի հաշմանդամ են, յուրաքանչյուրն ստանում է 13 հազար դրամ հիվանդության թոշակ: Հիմա վարձու բնակարանի տերն է հանել:



 



«Տանտերը մեզ ժամանակ տվեց, որ մինչեւ Նոր տարի տուն ճարենք ու դուրս գանք, իսկ երեկ եկավ ասեց, որ հավաքվենք ու դուրս գանք տնից,-պատմում է 31-ամյա Լուսինեն:- Խնդրել ենք, որ թողնի մինչեւ տուն ճարենք, բայց չհամաձայնվեց: Գիշերը մի կերպ համոզեցինք, լուսացրինք, բա էսօր ի՞նչ անենք:



 



Ասում է, որ տունն ազատենք»: «Անշառ, հիվանդ մարդիկ են, իրենց ստացած թոշակը հազիվ իրենց դեղերին է հերիքում, էս պահին  մենք միայն ուտելիքով կարող ենք օգնել,-ասում էին հարեւանները:



- Ճիշտ է տանտերը բոլոր իրավունքներն ունի իր տան վրա, բայց գոնե էս ցուրտ եղանակին դուրս չհանի, մեղք են՝ ո՞ւր գնան էս մարդիկ»:



 



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ