Մնում է օպերատիվ ճշտել՝ Լենինը դամբարանում պառկա՞ծ է եղել, թե՞ Հայաստան է եկել

Մնում է օպերատիվ ճշտել՝ Լենինը դամբարանում պառկա՞ծ է եղել, թե՞ Հայաստան է եկել

Չէ՜, Վիլնյուսը մեզ համար դարձել է պապոնց տունը: Այնտեղ կարելի է գնալ տնավարի՝ չուլկիները կախված ու խալաթի կոճակները պոկված: Տակից էլ որ մի սև կոթով կամբինացիա կամ լիֆ լինի, ամեն ինչ թամամ կլինի:






Մոտավորապես այս տպավորությունը ստացա, երբ մամուլում հանդիպեցի, որ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում շփոթել ու կարդացել է այլ տեքստ: Ինչքան փնտրում էի, որ կատակի կամ հումորի նշույլ գտնեմ, չկար ու չկար: Ավելին, տեղեկության հավաստի լինելն է արձանագրվում:






Ստացվում է, որ նախագահը հնարավոր է Վիլնյուսում ասեր՝ ես ձեզ եմ սիրում, բայց տեքստը շփոթել ու մերժե՞լ է նրան: Կամ գուցե Վիլնյուսը շփոթել է Մոսկվայի՞ հետ… Տարիներ առաջ մահախոսական կարդացող մի մարդ կար, ում՝ մահացածին հողին հանձնելուց առաջ բերում, գլխին կանգնեցնում, խոսեցնել էին տալիս: Այդ մարդը մի քանի վարիանտներով մահախոսականներ ուներ՝ ջահելի համար ուրիշ, ահելի համար ուրիշ: Կնկա համար ուրիշ, տղամարդու համար ուրիշ: Աշխատողի համար ուրիշ, չաշխատողի համար ուրիշ:






Բայց մի օր, երբ քաղաքում մեռելները շատ էին, նա շփոթել ու տղամարդու վրա կնկա մահախոսական էր կարդացել: Դե եթե հիմա լիներ, գենդերային հավասարության պայմաններում, ուշադրություն չէր դարձվի:






Երբ վերջում ասել է՝ հրաժեշտ տվեք մայրիկին, բոլորը քար են կտրել ու ակամայից սկսել նայել դեռ կենդանի մայրիկին: Երեխեքը խառնել էին՝ ու՞մ հրաժեշտ տան՝ մո՞րը, թե՞ հորը: Հետո, երբ խոսողը գլուխը բարձրացրել ու գլխի է ընկել, որ մեռնողը տղամարդ է, իրեն չի կորցրել, ասել է՝ պապան ձեզ համար մամա է եղել… Հիմա ի՞նչ, հավաստի աղբյուրներով համոզում եք, որ նախագահը շփոթե՞լ է տեքստերը:






Որ Պուտինի տեղ Վլադիմիր Իլյի՞չն է եկել… Ի՞նչ արած, մնում է օպերատիվ ճշտել՝ Լենինը դամբարանում պառկա՞ծ է եղել, թե՞ Հայաստան է եկել:






ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ