Արկադի Վարդանյանը դատապարտված է, իսկ ո՞ւր է Րաֆֆին

Արկադի Վարդանյանը դատապարտված է, իսկ ո՞ւր է Րաֆֆին

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 10 տարվա ազատազրկման դատապարտեց քաղաքագիտության դոկտոր, քաղաքական գործիչ ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանին, իսկ նրա ընկերոջը՝ նախկինում քիմիկոս-փորձագետ, նախկին դասախոս Արսեն Ավետյանին՝ 11 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Ավետյանի հոր թունավորումը նախապատրաստելու մեջ:



 



Դատավճռի խստությունն անսպասելի էր ներկաների համար: Սպասվում էր, որ դատարանը գոնե մի-մի տարով կիջեցնի ազատազրկման դատախազի պահանջած չափը, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Երրորդ ամբաստանյալին՝ Վարուժան Սաֆտալյանին, որը համագործակցել էր ԱԱԾ-ի հետ, և որին Արկադի Վարդանյանը, Արսեն Ավետյանը, նրանց փաստաբանները և հարազատները ԱԱԾ գործակալ էին համարում, դատարանը թողեց ազատության մեջ, 4 տարվա պայմանական պատիժ սահմանելով նրա համար: Դատավճռի հրապարակումը ծանր տպավորություն թողեց ներկաների վրա: Արսեն Ավետյանի որդին՝ Ռոբերտ Ավետյանը, թուլացավ և չկարողացավ կանգնած լսել դատավճիռը: Երբ նրան կարգադրիչները հասկացրին, որ պետք է վեր կենա, ասաց. «Նախ, լավ չեմ զգում, երկրորդը՝ չեմ հարգում այս դատարանը»:



 



«Իմ հորը դատապարտել են գժի տված վկայությամբ, դեղ գնողին և բաժանողին չեն պատժում, նա մնում է ազատության մեջ: Եթե այդպես է, ուրեմն նարկոտիկ բաժանողներն էլ կարող են հանգիստ շարունակել զբաղվել դրանով՝ իմանալով, որ իրենց էլ պայմանական կտան: Դատախազը մատ թափ տվեց, ասելով՝ դուք դեռ կտեսնեք, և նրան չփոխեցին»,- ասաց նա մի քանի ժամ անց հեռախոսով, երբ արդեն ուշքի էր եկել: Նրա պապը, որը, ըստ դատախազ Ամիրզադյանի, տուժողն է, մինչև վերջ պնդեց, որ իր որդին չէր ցանկանում իրեն սպանել, նա այն մարդը չէ, որ նման բան որոշեր, և չուներ դրա համար ոչ մի դրդապատճառ: Նա բողոք է ներկայացրել ՀՀ նախագահին՝ պահանջելով, որ վերանայեն այս խայտառակ գործը և ազատեն իր որդուն: Արկադի Վարդանյանի փաստաբան Գայանե Գալոյանն էլ ասաց, որ բողոքարկելու է դատավճիռը, ընդհուպ Եվրոպական դատարան: Արկադի Վարդանյանի և Արսեն Ավետյանի հարազատները երեկ հիշում էին նաև Րաֆֆի Հովհաննիսյանին: «Քաղաքագետ Արկադի Վարդանյանը, քիմիկոս Արսեն Ավետյանը, դերասան Վարդան Պետրոսյանը՝ երեքն էլ ելույթ են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի միտինգների ժամանակ, Օպերայի հարթակից: Նրանք երեքն էլ այսօր բանտում են: Էլ ի՞նչ քրեական գործ: Եվ ո՞ւր է Րաֆֆին»,- հարցնում էր Արսեն Ավետյանի որդին:



 



Հիշեցնենք, որ 2000 թվականին Արկադի Վարդանյանն իր ընդդիմադիր հայացքների համար քրեական հետապնդման ենթարկվեց, որը դադարեցվեց ԱՄՆ կառավարության և միջազգային հանրության պահանջով:






Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ