Դավութօղլուն, գնդակը և Շարմազանովը

Դավութօղլուն, գնդակը և Շարմազանովը

ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է Ահմադ Դավութօղլուի այցը Հայաստան: Այստեղից մեկ հետևություն միայն կարող ենք անել` Թուրքիան հերթական անգամ հասավ իր նպատակին և կարողացավ տպավորություն թողնել, որ հայ-թուրքական խնդիրների կարգավորումը, դրա հետ կապված նաև տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցերն իր արտաքին քաղաքական օրակարգում են:



 



Իսկ ահա ՀՀ իշխանությունները և մասնավորապես ֆուտբոլային դիվանագիտության ՀՀԿ-ական հայրերը հերթական անգամ միջազգային հանրության աչքում մնացին չհասկացվածի կարգավիճակում, իսկ Շարմազանովի կողմից այս օրերին մի քանի անգամ հնչեցված արտահայտությունը, թե գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի կիսադաշտում, այնքան ծիծաղելի էր, որ ոչ ոք նույնիսկ բանի տեղ չդրեց:



 



Հայկական կողմը կարող էր, իհարկե, իրավիճակը հօգուտ իրեն փոխել Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների հերթական հավաքի օրը` Դավութօղլուին հատուկ ուշադրության չարժանացնելով և ընդգծելով, որ այդ հավաքում հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված հարցեր չեն քննարկվելու: Բայց նույնիսկ դա չարեցին, և Էդվարդ Նալբանդյանը մեկուկես ժամ տևողությամբ առանձնազրույց ունեցավ Դավութօղլուի հետ, ապա հայտարարություն տարածեց այն մասին, որ այդ զրույցի ընթացքում ինքը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը` բացել հայ-թուրքական սահմանը առանց որևէ նախապայմանի:



 



Նալբանդյանին չհավատալու հիմքեր այս պահին չկան, բայց կարևորն այստեղ ոչ թե նրա հայտարարության հավաստիությունն է, այլ ինքնին հայտարարության փաստը, որով Դավութօղլուի մասնակցությունը Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների հերթական հավաքին վերաիմաստավորվեց և Հայաստանի աջակցությամբ դարձավ «այց Հայաստան»: Այսքանից հետո ԱՄՆ պետդեպարտամենտին ոչինչ չէր մնում անելու, քան գոհունակություն արտահայտել Թուրքիայի արտաքին քաղաքականության առնչությամբ և հույս հայտնել, որ Դավութօղլուի ծրագրած այցելությունը Հայաստան հնարավորություն կստեղծի տարածաշրջանի առաջնորդների միջև երկխոսության համար:



 



Ուշադրություն դարձրեք, խնդրեմ, «ծրագրավորված այց» արտահայտությանը: Կարծում ենք` սրանով արդեն ամեն ինչ ասված է: Այս պահին չենք կարող պնդել` Շարմազանովը լուր ունե՞ր, արդյոք, այս մասին, երբ ՀՀԿ ԳՄ նիստից հետո դարձյալ հայտարարեց, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: Բայց մյուս կողմից էլ` Շարմազանովի համար ի՞նչ նշանակություն ունի գերտերությունների կարծիքը, երբ խոսքը վերաբերում է իր կուսակցության ղեկավարի տապալված արտաքին քաղաքականությանը: Այդ ե՞րբ է ՀՀ արտաքին քաղաքականության մասին Շարմազանովը հայտարարություն արել օբյեկտիվ իրականությունից ելնելով, որ հիմա անի: Դավութօղլուն նաղդ գոլ է խփում, իսկ Շարմազանովն ասում է` գնդակը Թուրքիայի դաշտում է: Սա նույնիսկ արդեն ծիծաղելի չէ: ՀՀԿ խոսնակը լավ կաներ` հիշեր իր մեկ այլ արտահայտությունն այս դեպքում` մենք Թուրքիային դուրս ենք անում դռնից, իսկ նա ներս է մտնում պատուհանից: Կարծում ենք` սա առավել բնութագրական է այս պահի համար, եթե նաև ըմբռնենք, թե ինչից օգտվելով է Թուրքիան կարողանում ներս մտնել:



 



Կարելի է արդեն խոսել Դավութօղլուի Հայաստան կատարած այցի դասերի մասին: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ քանի դեռ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների տակ կմնա Հայաստանի ստորագրությունը, Թուրքիան բաց չի թողնելու մեր օձիքը և այդ արձանագրությունների գոյության փաստն ու դրանով հանդերձ նաև մեզ անընդհատ դարձնելու է իր գործիքը տարածաշրջանային լիդերության հասնելու ճանապարհին: Մենք իրավունք չունենք նման բան թույլ տալ, մանավանդ որ հստակ գիտենք, թե ում կողմից է խաղում Թուրքիան ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում: Մենք, ի վերջո, որպես անկախ երկիր, կարող ենք թե Մինսկի խմբին և թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերին բացատրել Թուրքիայի խոտոր քաղաքականությունը և հանգիստ խղճով հրաժեշտ տալ արձանագրություններին` հայտարարելով, որ բանակցությունները շարունակություն կունենան սահմանը բացելուց հետո միայն: Մենք այսպիսի ռեալ քայլից հետո միայն հնարավորություն կունենանք հայտարարելու, որ գնդակն ուղարկել ենք Թուրքիայի դաշտը:






Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ