ՍԴ-ին դժվար օրեր են սպասում

ՍԴ-ին դժվար օրեր են սպասում

Ինչպես գիտենք ԱԺ ոչ իշխանական ուժերը դիմելու են Սահմանադրական դատարան և պահանջելու, որ մինչև քննարկում չանցնի՝ կուտակային կենսաթոշակի մասին օրենքը չդրվի գործողության մեջ: Անշուշտ գովելի է ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, Ժառանգության և Դաշնակցության այս նախաձեռնությունը: Ինքնին գովելի է նաև ոչ իշխանական ուժերի միասնաբար հանդես գալու փաստը:



 



Մեկ բան միայն չենք կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ են ոչ իշխանական ուժերն իրենց դիմումը ՍԴ տանում երթով: Չի կարելի՞ ֆրակցիաների մեքենաների պատշաչ կորտեժով տանել և սոլիդ ձևով այդ դիմումը հանձնել ՍԴ-ին:



 



Այս երթով ուզում են տպավորությո՞ւն գործել: Թե՞ մտածում են, որ Սահմանադրական դատարանի պատուհաններից Գագիկ Հարությունյանը կտեսնի ցուցարարների սառած-թրջված վիճակն ու ժողովրդի օգտին որոշում կկայացնի:



 



Ո՞ւմ պարզ չէ, որ ՍԴ-ի առջև մարդկանց հավաքվելուն պես իշխանության սոխակները պիտի հարայ կանչեն՝ հասեք, ՍԴ-ի վրա ճնշում են գործադրում: Դեռ հայ-թուրքական արձանագրությունների օրերից է գալիս ՀՀԿ-ի այդ հարայը: Այն ժամանակ ՍԴ-ն ՀՀ իշխանություններին փրկեց թուրքերից: Այս անգամ ՍԴ-ն, կարծես, այդպիսի խնդիր չունի: Այս անգամ մեզ պետք է փրկի ՀՀ իշխանություններից: Որ մտքին չեղավ, ինչքան էլ կանգնենք դատարանի պատերի տակ, օգուտ չի տա:



 



Ի դեպ՝ Սերժ Սարգսյանն արդեն կողմ է արտահայտվել կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի կիրառմանը: Եթե Գագիկ Հարությունյանին այդ մասին չեն տեղեկացրել, ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ:



 



Էդ.Ա.