ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ ԱՄԿ-ականների հայտարարությունը

ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ  ԱՄԿ-ականների   հայտարարությունը

2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում Հայաստանի քաղաքացիների համար անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային Միությանը: Մինչ այդ բոլոր մակարդակներում խոսվում ու քննարկվում էր Եվրոմիության հետ նոյեմբերի վերջին Ասոցացման համաձայնագրի ստորագրման վճռականութեան մասին:



 



Այդ ուղղությամբ արվել էր հսկայական աշխատանք եւ հաջող ավարտը կասկածներ չէր հարուցում: Ըստ էութեան Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ի իր հայտարարությամբ փոխեց դեռ 20 տարի առաջ ընտրված Հայաստանի զարգացման ուղին: Մաքսային կոչված այս արհեստածին միությունը, որ ընդամենը Ռուսաստանի  կայսերապաշտական  քաղաքականության մի նոր  դրսեւորում է, չի կարող եւ չպետք է դիտարկվի որպես Հայաստանի ապագա: Այս վճիռն օրվա իշխանավորների, օրվա նախագահի անձնական վճիռն է եւ աղերս անգամ չունի մեր ժողովրդի երազանքների՝ ձգտումների, հետ ու չի բխում մեր երկրի շահերից: Ընդհակառակը, այն վտանգում է մեր ապագան, վերադարձ է դեպի անցյալ եւ սպառնում է տարիների տառապանքի, չարչարանքի, մեծ զոհողությունների գնով նվաճված մեր անկախությանն ու ինքնիշխանությանը:



 



Մենք, որ խորհրդային բռնատիրության պայմաններում տարիներ շարունակ պայքարել ենք Հայաստանի անկախութեան համար, այսօր ցավ  ենք ապրում տեսնելով, թե ինչպես է մեր երկիրը քայլ առ քայլ կորցնում տարիների ձեռքբերումները, մեր ինքնիշխանությունը:  Հայաստանի քաղաքացին,  սերունդները չպետք է ստիպված լինեն պատասխան տալ առանձին անհատների կայացրած մասնավոր, սեփական շահերից բխող  վճիռների համար: Կոչ ենք անում մեր ժողովրդին  տեր կանգնել իր ճակատագրին եւ հնարավոր բոլոր միջոցներով ստիպել իշխանություններին հետ կանգնել ոչ մի լավ բան չխոստացող այս քայլից:



 



 



Ռազմիկ Մարկոսյան



Վարդան Հարությունյան



Ազատ Արշակյան



Պարույր Հայրիկյան