Փողոցի մարդիկ

Փողոցի մարդիկ

Փողոց դուրս գալու եւ պահանջ ներկայացնելու համար քիչ է ուղղակի կամք ունենալ: Անհրաժեշտ է նաեւ լիարժեք հիասթափություն կուսակցություններից, անհրաժեշտ է ունենալ ժողովրդի պահանջից հետ կանգնած քաղաքական գործիչներ: Ընդ որում՝ ոչ մեկ դհոլ, մի հատ էլ ԱԽՔ:



 



Որպեսզի հայերը դուրս գան տներից, պաստառ մեկնեն, որպեսզի կանայք բղավեն, երիտասարդ աղջիկները պարեն փողոցում, ոստիկան հայհոյեն, անհասկանալի դարձած քաղաքական գործիչների մի ամբողջ գլխաքանակ է պետք, ինչն ունեցանք 2008-ից հետո: Վերջինը Րաֆֆին էր, եւ պատահական չէ, որ 2013-ը փողոցի ակտիվության տարի էր, եւ ոստիկանի դեմն իր մարմնով կտրող Վարդգես Գասպարին այնքան էլ էկզոտիկ չի թվում, ինչպես թվում էր 2008-ին: Ակտիվիզմը տարեսկզբին մարմանդ կրակի նման էր: Փետրվարին մի խումբ ակտիվ ֆեյսբուքցիներ պաստառներ էին վերցնում նախագահի եւ ժողովրդավարության դեմ եւ այստեղ-այնտեղ իրենց բողոքն էին կարդում բարձրախոսով կառավարական վայրերում, ՍԴ-ի կամ դեսպանատների առաջ այն երկրների, որոնք պաշտպանեցին «Fake»-երին: Բացի բարձրախոսներից, երիտասարդների ձեռքին բջջայիններ են, տեսախցիկներ, իսկ բախումների տեսարաններն ինքնին պայքարի միջոց են դառնում, ապացույց, եւ ակտիվիզմը նոր վարակի նման տարածվում է համացանցով, զրոյացնելով ՀՀ գրպանային հեռուստատեսությունների անատամ «լրատվականները»:



 



Ինֆորմացիան թաքցնելը դառնում է անիմաստ, եւ անատամ «լրատվականներն» իրենց վարկանիշը փրկելու համար սկսում են համացանցի կադրեր օգտագործել՝ ակտիվիստների նկարած: Նույնիսկ Շանթի հայհոյանքն է նոր հեռուստատեսային էսթետիկայի մեջ տեղավորվում: Ոչ միայն գրպանային հեռուստադաշտը, այլեւ ոստիկանությունն է ադապտացվում ակտիվիստներին, փոխելով գործելաոճը: Ոստիկանն այլեւս օպերատոր է: Ակցիաների ժամանակ նա եւս նկարահանում է ակտիվիստին, նրան վախեցնելու, ահաբեկելու, նրա դեմ նյութ հավաքելու համար: Ոստիկանն ու ակտիվիստը, դեմառդեմ, իրար են նկարում. 2013-ին բնորոշ այս դիրքը բնության մեջ էգ ու որձ թռչունների պար է հիշեցնում, եւ երբեմն այդ պարի կանոններով էլ զարգանում էր: Տարվա զավեշտն ակտիվիստի վիզ համբուրող, նրա հետ էրոտիկ նամակագրության մեջ մտնող ոստիկանի կերպարն էր, որի հակառակ կողմում Րաֆֆու հետ աղոթք անող Վովան էր: Արգիշտի Կիվիրյանի, էկոլոգիական ակտիվիզմի պիոներ Մարիամ Սուխուդյանի կողքին նոր աստղեր էին ծնվում՝ Անի Կաղինյան, Վիլեն Գաբրիելյան, Սուրեն Սահակյան, Վահագն Մինասյան, Գոռ Առաքելյան:



 



Տրանսպորտի գների թանկացումը հաղթանակ էր, որից հետո աստղային փոշին նստեց ակտիվիստների վրա: Նրանք ապրում էին տեսախցիկների առաջ, ինչպես «Дом-2» եւ «Последний герой» նախագծերի հերոսները: Քաղաքապետարանի կանաչը ոռոգող խողովակները ոստիկանական ջրցանի դեր կատարեցին, բայց աստղերը պարում էին, «թրջելով» Տարոնի եւ նրա վարչության պետերի ռեպուտացիան: Ժողովուրդը, ինչպես միշտ, թերահավատ էր: «Տեսնես ո՞վ է ֆինանսավորում»,- ոմանք հարցնում էին, բայց այն, ինչ կատարվում էր երթուղայիններում, ուղղակի աննախադեպ էր: Ղարաբաղից եկած ընկերուհիս հիացավ՝ տեսնելով, թե ինչպես են ավանդապաշտ տնային տնտեսուհիները վարորդների հետ կռիվ անում եւ առանց փողը տալու իջնում-գնում: Հետո զայրացավ: «Մեզ մոտ ժողովուրդը դեռ խելոք է»,- ասաց նա, բայց իր բարբառով: Հետո եղավ Կոմիտաս 5-ի հակամարտությունը՝ պատերազմ մեկ շենքի համար, Փակ շուկան: Ասում են՝ Սամվել Ալեքսանյանը նեղսրտել է իր մտերիմ շրջապատում, թե ի՞նչ են ուզում ինձնից, տարածք եմ առել, թող փողս հետ տան, թողնեմ-գնամ: Իհարկե, նման ակցիաներ չեղան քաղաքն ավերող մյուս օլիգարխների դեմ: Բայց այն, ինչ հնարավոր չէր պատկերացնել դեռեւս երկու տարի առաջ, 2013-ին իրականություն է:



 



Սամվել Ալեքսանյանը, հնազանդվելով իր դեմ պայքարող ակտիվիստներին, ստիպված է հաշվի նստել նրանց հետ, եւ որքան էլ դժգոհեն ավանդապաշտ ճարտարապետները, Փակ շուկան նույն Փակ շուկան է, ուղղակի մաքրված եւ ավելի գեղեցկացած: Ակտիվիզմ-2013-ի գագաթնակետը Շանթի փոքր հեղափոխությունն էր: Իհարկե, ոչ ոք չի կարող ասել, որ Շանթն ակտիվիստ է: Բայց Շանթի պոռթկումը քաղաքական գործիչների դեմ էր, ովքեր ոտքի են հանում, բայց չեն տանում ոչ մի տեղ:



 



Այն ծնվեց քաղաքացիական հասարակության, ժողովրդի ներսում հասունացած համարձակության պահանջից: Ահա ինչու Շանթի փայտերն ու դիմակը սարսափեցրին իշխանությանը, գուցե Մարտի 1-ից ավելի:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ