Ես տականքի նկատմամբ գթասիրտ չեմ. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

Ես տականքի նկատմամբ գթասիրտ չեմ. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

Հունվարի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում:



Անձնակազմին շնորհավորելով Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ադամյանին: Վերլուծելով նախորդ տարվա գործունեության արդյունքները՝ ոստիկանության պետն անդրադարձավ մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքում տեղ գտած մի շարք թերությունների ու բացթողումների:



 



Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հատկապես անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ ոստիկանի գործունեության հիմքում պետք է լինեն պատվախնդրությունը, պրոֆեսիոնալիզմը, պետք է բացառվի ցանկացած շահադիտություն, իսկ օրենքի գերակայության սկզբունքը բացառություններ չպետք է ունենա ոչ մի պարագայում: Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ 2014 թվականը բեկման տարի է լինելու հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ զենքի-զինամթերքի ապօրինի շրջանառությանը հակազդելու, զինված խմբերի ու խմբավորումների զինաթափման, քրեական տարրերի ու դրանց «տանիքների» բացահայտման և վնասազերծման ուղղությամբ: Ոստիկանության պետն անձնակազմին հրահանգեց այդ պայքարում լինել սկզբունքային ու վճռական՝ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակում: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքներին, առաջիկա անելիքներին՝ մասնավորապես Սևանի ավազանում, անձնակազմի սոցիալական վիճակի, աշխատանքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցման և մի շարք այլ հրատապ խնդիրների: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: