Եթե Էլբակյանին «վստահվի » Մազմանյանի աթոռը, պարզ կդառնա ամպհովանու առեղծվածը

Եթե Էլբակյանին  «վստահվի » Մազմանյանի աթոռը, պարզ կդառնա ամպհովանու առեղծվածը

 



Աստված սահմաններ չի ճանաչում ու հենց այդ առումով Հռոմի պապի խոսքերն ընկալում եմ որպես սահմանների ցանկապատերը բացող մարգարեական խոսքեր: Տեսեք թե ինչ է ասում Պապը հոգևորականներին. «Բացեք բերանները: Առանց տատանվելու դարձեք ժողովրդի պահապանները, փոխանցեք արդարություն, պատմություն, արժեքներ և հիշողություն»: Բացեք բերանները. սա ժողովրդավարության Աստվածային պատգամ է: Եկեղեցականների խնդիրը ոչ թե բողոքող, ընդվզող մարդկանց բերանը փակելն է՝ Աստծո անունով վախեցնելով, այլ պետք է բերանները, սրտերը բացի,  պետք է դառնան ժողովրդի պահապանը: Իսկ ի՞նչ են անում մեր սրբազան հայրերը՝ հոտի՞,  թե՞ իշխանության հետ են: Ժողովուրդը չի կարողանում հաստատել իր իշխանությունը, ու եկեղեցին օգնելու փոխարեն նպաստում է, որ Հայաստանում երբևէ չձևավորվի ժողովրդի իշխանությունը, չհաստատվի արդարություն ու հիմա էլ արվեստագետ Էլբակյանի բերանով ի լուր հայտնում է. «Ես Աստծուն հավատացող մարդ եմ եւ պատվում եմ մեր իշխանություններին, որովհետեւ Աստված այդպես է պատվիրել: Պետք է հարգել այն իշխանություններին, որոնց Աստված թույլ է տվել, որ դու ունենաս եւ պատվես»: Եթե էլբակյանը այլ մոլորակից եկած լիներ ու չիմանար՝ ինչ արյան ու նախճիրի միջոցով է Հայաստանում իշխանություն ձևավորվել, գուցե թե քոռ-քոռ հավատայի նրան, բայց նա ապրում է մեզ հետ, մեր կողքին, մեր մեջ ու այդքանով հանդերձ գտնում է, որ Աստվա՞ծ է ձևավորել իշխանությունը… Ստացվում է, որ այդ աստվածը Ռոբերտ Քոչարյա՞նն է եղել, ով իրենից հետո Հայաստանում բռնի ուժով ձևավորեց իշխանություն: «Աստվածային իշխանություն, աստվածահաճո իշխանություն, աստծո կամքով իշխանություն, աստվածատուր իշխանություն»: Աստված հաստատում է միայն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը ու հաստատման հավաստագիրը վստահում է իր տան, իր եկեղեցու հոգևոր բարձրաստիճան հայրերին: Ովքեր այսօր իրենց դերում չեն ու կանգնել են ոչ թե ժողովրդի, այլ կոնկրետ անձի կողքին: Ամփոփելով ասեմ, որ եթե Էլբակյանին  «վստահվի » Մազմանյանի աթոռը, պարզ կդառնա ամպհովանու առեղծվածը, Աստվածահաճո իշխանության ենթատեքստը:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ