Նա ինչ է ասում, դու ինչ ես ասում

Նա ինչ է ասում, դու ինչ ես ասում

Տիգրան Սարգսյանը պատասխանել է Քոչարյանին: Լուրն անմիջապես թռավ բերանից՝ բերան, սայթից՝ սայթ, քաղաքաից՝ քաղաք, գյուղից՝ գյուղ: Բա չե՞ք ասի՝ Տիգրան Սարգսյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին:



 



Էս ինչ էլ սիրուն գրաֆիկներ են, գույնզգույն… մարդը գիտությունով է չալել:



 



Չալել՝ չալել է, բայց ի՞նչ է ասել: Ավելի ճիշտ՝ իրեն ինչ են ասել, ինքն ինչ է ասել: Այս գծագրերը, որ նա ներկայացրել է, երևի առկա են նույնիսկ համացանցում: Հեչ որ չէ՝ իր օգնականների դարակներում հաստատ կան: Այսքան ժամանակ դրա վրա է տքնե՞լ:



 



Մինչդեռ, անհարմար զգալով թվերը հրապարակել, իրեն ասվել էր, որ աննախադեպ արտագաղթն է պատճառը մեր բազմաթիվ դժբախտությունների ու անհաջողությունների: Տիգրան Սարգսյանն ընդամենը պետք է բացատրեր, թե ինչո՞ւ կա այդ արտագաղթը և ով է մեղավոր, որ ժողովուրդը երկրից հարյուր հազարներով հեռանում է:



 



Ի դեպ, վատ չէր լինի, եթե նա Քոչարյանին ուղղված պատասխանում ընդգրկեր նաև իր հանճարեղ թեզն այն մասին, որ երկրից հեռանում են դժգոհները, և ինչքան շատ գնան, այնքան լավ:



 



Եվ այս ամենի փոխարեն, բերել է գծագրեր ու բացատրություններ այն մասին, որ ոչ ոք իրականում մեղավոր չէ, որ Հայաստանում տնտեսությունը, նաև շինարարության ու ներդրումների ծավալները խայտառակ անկում են արձանագրել: Սա ի՞նչ է, հաշտության առաջարկ Քոչարյանի՞ն: Իսկ գուցե հարգանքի տո՞ւք է մատուցում՝ փորձելով հասկացնել, որ ինքն էլ իր տեղում իր լուման է ունեցել 1998-2008 թվականների աշխուժության մեջ:



 



Մի առիթով մենք անդրադարձել էինք ՀՀ երեք նախագահների շղթային ու կարծիք հայտնել, որ նրանք մի սանրի երեք կտավ են, իսկ Տիգրան Սարգսյանը անցնում է բոլոր երեքի ժամանակներով: Այնպես որ չէինք էլ սպասում, թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ԿԲ-ի ղեկավար աշխատած Տիգրան Սարգսյանն ինչ-որ ֆուռոր կանի իր նախկին, ինչպես ինքն էր հերոսաբար ասել՝ պաշտոնաթող շեֆի դեմ:



 



Անցյալ, ներկա, նույնիսկ ապառնի՝ բոլոր ժամանակների ունեցածներս նրանք են, ի՞նչ կարող ենք անել:



 



Էդիկ Անդրեասյան