Աշխարհից աշխարհ Հայաստանս

Աշխարհից աշխարհ Հայաստանս

Այ մարդ` ո՛չ, չեմ քնել: Տո մի ձեզ նայեք` իբր թե քնից արթնացել եք, իմ քնելու հարցն եք քննարկում: Լավ, ինչպե՞ս կարող էի քնել: Ասացին, չէ՞, սամիթ է: Բա տեղից ելնողը չէ՞ր ասի` սա մի՞թե սամիթ է: Հենց ձեր ընդդիմադիր այլանդակներից մեկը: Բա սամիթի ժամանակ հնարավո՞ր է քնել: Էն էլ նախորդ ահավոր գիշերից հետո: Էն զահրումար տեղն էի գնացել: Մեռա ասելով` պետք չի, կրվելու ենք, էն յոթանասուն միլիոնը հլա վզներիս, մեռա համոզելով էդ անհասկացողին, էդ, էդ հաստակողին... Ո՞ւմ: Պարզ չի՞, ներքին ձայնիս: Բա՛, տարավ, էլի, տարավ ու քաշեց, տարավ ու... տարան այլանդակները... Փաստորեն, պետբյուջեի վերանայում... լրացուցիչ դոտացիա... Տեսնես էս երեք մասնակիցներից հնարավոր չի՞ երկարատեւ վարկ... մինչեւ... ես շատ գիտեմ երբ... «Սլուշի, դրուգ,- մտովի զրուցում եմ դրանցից մեկի հետ,- ու տեբյա օչեն դոբրիե գլազա... մոժետ... հը՞...»...



Բա... էսպիսի պայմաններում քնել կլինի՞... Չեմ քնել, այ ժողովուրդ ջան, այ հարգելիներս, այ սիրելիներս, այ հայրենակիցներ... չեմ քնել, ընդամենը... երազել եմ... բաց աչքերով...



Ու տեսնում էի արեւային մի քաղաք... գանգրահեր տղա... իմ նման... ու երազում ժողովրդիս կենսամակարդակի մասին, բարձրացնում էի այն, զարկ տալիս արդյունաբերությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, կառուցում տեխնոքաղաք ու տեխզննման գյուղեր, հիմնադրում զարգացման տեսախցիկներ...



 



Էդ էր, հասել էի էծի պանրին, գոմեշի մածնին ու ժինգյալով հացին, հայ-հայ, գցում էի էդ անհամ եվրոպացիների բերանը, սարքում բրենդ, երկիրը` տուրիզմի համաշխարհային կենտրոն, մանավանդ որ դրա գովազդ-օրինակը կար` էն Աստվածաշնչի Նոյն իր կնիկ-երեխեքով... մեկ էլ... հերնումերս եկան.



- Ա՛ որդի, էդ հի՞նչ ա իլլալ,- ասում են,- էլի կրվալ ա՞ս...



- Էն խոսքը չի,- ասում եմ,- խրվալ ամ, ձեզ մատաղ...



- Էն անտառից քաղած էրկու վեդրո մոշը, ջհանդամը, տար ծախի, տուր...- հերս ա:



- Յա՜, էդ ի՞նչ ես ասալ,- բողոքում ա մերս,- բա խեղճ էրեխիս շալվա՞րը...



- Շալվարը կսպասի, համա շալվարավորը` ոչ,- ասում ա իմաստուն հերս:



- Ա՛ հեր, իզուր ա,- հառաչում եմ ես,- գյուդում ե՞ք ինչքան եմ պարտք...



- Վա՜յ, վա՜յ...- ասում են ու վեդրոներն առած` հեռանում:



- Վա՜յ, վա՜յ...- մոտենում ա սամիթի էն հյուսիսի մանր աչքերով տիրակալը,- կակ խարաշո, տի տո՞ժե զդես...



- Դա,- ասում եմ ես անհավես,- բայց օզըմ եմ քինամ Եվրոպա...



- Փիե՜,- ասում ա,- էդպիսի բան անես ոչ: Ես իդեա ունեմ, իմ երկիրը սաղ միացնում ենք քեզ, ժողովրդով-բանով, իրենց հետ արդեն խոսել եմ: Մենակ «գարանտիա» են ուզում` 20 տոկոս ինչ-որ անպետք արժեթղթերի, որ վերցնում ես մեզ, անտեր չես թողնում սրա-նրա դռանը...



- Հը՞...- ասում եմ էն մոշից հլա լրիվ հետ չեկած,- հինչ ա՞...



- ... Էն պարտքդ էլ արդեն փակած ա... պլյուս թափ-թազա շալվար...



- Բատկա՜,- մոտենում ա էն մյուս «սամիթը»,- լսեցի, հարցեր ունե՞ս, ուզո՞ւմ ես ես պատասխանեմ: Միայն էն մեր ախպորն ասա կոնյակ-մոնյակ շատ ուղարկի, էս անտեր դիվանագիտության մեջ ջրի պես գնում ա..



- Յոլդաշ,- ասում ա էն երրորդ «սամիթը»,- քեզ համար մի լավ առաջարկ էլ ես ունեմ: Տակիդ հարեւանն էլ ա ուզում միանա ձեզ, մանավանդ որ, ասում ա, իր հողերի կեսը հենց ձերն ա եղել...



Շշմում եմ: Այ քեզ սամիթ, այ քեզ հաջող դիվանագիտություն, բասկետբոլայի՞նն ա, ֆուտբոլայի՞ն, թե՞ շախմատային... փաստորեն, ստացվում ա ծովից ծով... տո, վայ թե օվկիանոսից օվկիանոս, ես էլ` Տիգրան Մեծ... տո ի՞նչ մեծ ու պուճուր, այ, ըսենց մի կուճուր շնորհքով դիվանագիտություն ու... Մեկ էլ լսում եմ էդ մանր աչքերով ղեկավարի ձայնը.



- Եվ այսպես, ովքեր համաձայն են մեր կարլմարքսային միությանը, խնդրում եմ ձեռք բարձրացնել...



Ձեռքիս էլ բջջայինն ա պայթում: Վարչապետն ա.



- Շեֆ,- ասում ա,- զեկուցում եմ, երկրում էլ մարդ չկա: Բանալիները հավաքեմ գա՞մ, թե՞ կգաս տեր հոր հետ դռները կնքելու...  



 



 



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ