Չէ չէ մի՝ վարչապետին է պաշտպանել

Չէ չէ մի՝ վարչապետին է պաշտպանել

Սերժ Սարգսյանից ո՞վ էր ավելին սպասում: Սպասում էինք մի թեթև ինտրիգ, սակայն դա էլ տեղի չունեցավ: Խոսեց մեծի պես՝ ոչինչ չավելացնելով և չպակասեցնելով եղածին:



 



Ոմանք շտապեցին գրել, որ նախագահը պաշտպանեց վարչապետին և իր կառավարության անդամներին, որոնք, իբր, հավասարակշռված և կոռեկտ պատասխաններ են տվել ՀՀ երկրորդ նախագահին: Սա մեծագույն խաբեություն և ինքնախաբեություն է: Պարզապես Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ինքը ավելի շատ արդեն կապված է այս մարդկանց հետ և ոչ թե Քոչարյանի կամ ՀՀԿ-ի այլ ընդդիմախսների հետ:



 



Եթե նկատել եք՝ Սերժ Սարգսյանը ընդունել է, որ անցյալում ամեն ինչ շատ ավելի խելացի է կազմակերպվել, քան հիմա: Եվ նա պարզորոշ ասում է՝ հիմա ի՞նչ անենք, կառչենք անցյալի՞ց, երբ արդեն սա է մեր իրականությունը:



 



Մենք Սերժ Սարգսյանի խոսնակի բացատրություններում որևէ արտահայտություն չգտանք այն մասին, որ Տիգրան Սարգասյանը շատ խելոք վարչապետ է: Առավել ևս չկա մի արտահայտություն այն մասին, որ Ռոբերտ Քոչարանը որևէ հարցում սխալ է: Ուրեմն այդ ինչի՞ց երևաց նրա՝ վարչապետին պաշտպանելը:



 



Իսկ ո՞վ չի նկատել նախագահի հակվածությունը կոմպրոմիսին՝ նստենք, հանգիստ, առանց էմոցիաների քննարկենք մեր անելիքները: Ի՞նչ է սա նշանակում: Համենայն դեպս Տիգրան Սարգսյանի ճակատը չի պաչում, չէ՞:



 



Այս պատասխանը, կամ այս ընդհանուր խոսքը, որ ասել է Սերժ Սարգսյանը, թերևս մի բան է նշանակում՝ ժամկետ եմ տվել՝ փետրվար-մարտ, ամեն ինչ իր հունով է ընթանում, և կարիք չկա իրադարձությունները շտապեցնելու:



 



Եվ սա այն միակ պատասխանն էր, որ կարող էր տալ Սերժ Սարգսյանը: Նա նախընտրեց այդ անել Սաղաթելյանի շուրթերով, մինչդեռ ուրիշ անգամներ անձամբ էր պատասխանում ու ավելի խրոխտ: Հիշեք նրա ձևակերպումը՝ Ռոբերտ Քոչարյանն այդ ե՞րբ է հեռացել քաղաքականությունի՞ց, որ հիմա էլ հարցնում եք՝ կվերադառնա՞, թե՞ ոչ:



 



Մի խոսքով, բարեկամներ, շատ անհետաքրքիր կյանքով ենք ապրում:



 



Էդիկ Անդրեասյան