Ենթադրություններ ՀՀ կենսաչափական անձնագրի շուրջ

Ենթադրություններ ՀՀ կենսաչափական անձնագրի շուրջ

Շատ մութ պատմություն է այս մեկը: Աշոտ Սուքիասյանին բռնել են Թուրքիայից Վրաստան մտնելիս: Բռնել են օդանավակայանում:



 



Հիմա կասեք՝ ի՞նչ կա զարմանալու: Բա զարմանալի չէ՞, որ հետախուզման մեջ գտնվողը Թուրքիայից գալիս է Թբիլիսի՝ այսինքն հետախուզողներին ավելի մոտ ու մատչելի մի քաղաք: Զարմանալի չէ՞, որ միլիոնների գործ արած մեկը, այնքան միամիտ է գտնվել, որ օդանավով է եկել, սեփական անձնագրով ու առանց դեմքի վիրահաության:



 



Լոգիկան նրան պետք է հուշեր՝ գնա որքան կարելի է հեռու, ընտրիր աաշխարհի ամենամոռացված անկյունը, խառնվիր մարդակեր ցեղերին, մինչև հետքդ կորցնեն: Բայց չէ, նա Թուրքիայից մի բան էլ Վրաստան է գալիս, որ ավելի շուտ բռնեն: Ինչ ուզում եք ասեք՝ զարմանալի է:



 



Իսկ եթե Աշոտ Սուքիասյանը Թբիլիսի է ժամանել հենց այն նպատակով որ բռնե՞ն: Այսինքն՝ ուզում էր հանձնվել հայրենի իշխանություններին: Իսկ ինչո՞ւ ուղիղ Երևան չեկավ… Մեր իշխանություններին ճանաչողը կասի՝ սիրում են ամեն ինչ ճոխ անել, զուռնով, դհոլով… Տիգրան Սարգսյանին չոլից են գտե՞լ, որ նրան խայտառակողին սուսուփուս բռնեն: Աշոտ Սուքիասյանին մի երեք օր շարունակ Թբիլիսիից կբերեն Երևան, մի քանի օր շարունակ «Հետքին» գրած նրա նամակը կպտտեցնեն թերթերով ու հեռուստատեսությամբ, իրեն կխոսեցնեն, կհամոզեն, որ Վարչապետն ու Կճոյանը կապ չունեն այս պատմության հետ: Իսկ հետո՞:



Չէ, եղբայր, ամեն ինչ չափից ավելի է թատերականացված ու դժվար է հավատալը: Իսկ կողոպտված գործարար Հայրապետյանի փողե՞րն ով է հետ տալու: Աշոտ Սուքիասյանն ունի՞ այդ փողը, թե՞ քավորները ճարել են, և նա այդպես հպարտ-հպարտ հանձնվել է ՀՀ իշխանություններին:



 



Իսկ գուցե սա Տիգրան Սարգսյանի հրաժարականի սկի՞զբն է: Նա երեկ կենսաչափական անձնագիր ու նույնականացման քարտ է հանել: Տեսնես՝ ինչո՞ւ այդպես հանկարծ: Հո մտքին չկա՞ այս քանի օրը հեռավոր այցով մեկնել Մադագասկար՝ փորձի փոխանակման:



 



Ես սովորական քաղաքացի եմ: Կարելի է ասել՝ շարքային: Եվ քանի որ շարքային քաղաքացի եմ, իսկ մեր պետության գործերն ինձնից թաքուն են պահվում, հետևաբար իրավունք ունեմ ենթադրություններ անելու: Այն, ինչ հիմա ասացի՝ ենթադրություններ էին, ոչ ավելին: Միակ ճշմարտանման բանն այն էր, որ սա թատրոն է, իսկ թատրոնում, երբ ներկայացումը չափից ավելի անիրական է, միևնույն է, ընդունված է քաղաքավարություն ունենալ և հաջորդ արարին սպասել:



 



Էդիկ Անդրեասյան