Պոլիտեխնիկում ինչ-որ բան փտել է

Պոլիտեխնիկում ինչ-որ բան փտել է

Մենք ամբարտավան ու մամուլի նկատմամբ անհադուրժողականությամբ լի արձագանք-պատասխաններ մշտապես ստանում ենք, բայց կրթական հիմնարկներից նման պատասխաններ ստանալն այնքան էլ առօրեական չէ:



Բոլորն են հիշում ամիսներ առաջ  ճարտարագիտական համալսարանում ստեղծված վիճակը. դասախոսական կազմը բողոքում էր կրճատումներից, եւ ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ պայքարի ալիք գնաց: Մենք, բնականաբար, լուսաբանեցինք դեպքերը:



Արդյունքում մարդիկ, խոսելու, արտահայտվելու հնարավորություն ստանալով, այլ հարցեր էլ բարձրացրին: Մասնավորապես այն, որ Արա Ավետիսյանն իրավունք չուներ ռեկտոր դառնալու, քանի որ նա ֆիզմաթ գիտությունների դոկտոր է, իսկ Պոլիտեխնիկի ռեկտորներն ավանդաբար եւ օրենքի պահանջով եղել են տեխնիկական գիտությունների դոկտորներ: Բնականաբար, 2011-ին ռեկտոր ընտրված անձի իրավունք ունենալ-չունենալու հարցն ուշացումով բարձրացնելը գուցե անիմաստ էր, բայց սովորաբար բողոքի ալիք բարձրանալիս հիշում են բողոքի սուբյեկտի բոլոր հին ու նոր մեղքերը: Ինչ էին ասում պոլիտեխնիկցիները՝ 2009-ին Արա Ավետիսյանը գաղտագողի, առանց բուհում քննարկման առարկա դարձնելու, փոփոխություն է կատարել Ճարտարագիտականի կանոնադրության մեջ, եւ «տեխնիկական» բառն անաղմուկ սղվել է՝ տեղը թողնելով պարզապես «գիտությունների դոկտոր-պրոֆեսորին»: Մեր առաջին հոդվածում մենք զրուցել էինք բուհի գիտխորհրդի քարտուղար Բալաբանյանի հետ, ով ասել էր, որ փոփոխությունը կատարվել է 2005-ին. «Իսկ ցանկացած փոփոխություն, որ կատարվում է բուհի կանոնադրության մեջ, նախ դրվում է ընդհանուր քննարկման, հետ քննարկվում է մեր կանոնադրական փոփոխությունների հանձնաժողովում, հավանություն ստանալուց հետո մտնում է գիտխորհուրդ, որից հետո էլ` կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո, ուղարկվում է նախարարություն, նախարարությունն էլ՝ կառավարություն, նոր փոփոխությունները մտնում են ուժի մեջ»: Այս հոդվածն ընթերցած պոլիտեխնիկցիները կրկին կապվեցին մեզ հետ եւ ասացին, որ Բալաբանյանը ստում է՝ չի եղել նման բան, չի եղել ոչ քննարկում, ոչ կանոնադրական փոփոխություն, դրանք արվել են առանց իրենց գիտության: Մենք ստիպված էինք կրկին անդրադառնալ այս խնդրին եւ, որպես ամենահավաստի աղբյուր, զրուցեցինք երկու նախկին ռեկտորների՝ Ոստանիկ Մարուխյանի եւ Յուրի Սարգսյանի հետ: Հարգված, հանրության եւ բուհի շրջանակներում մեծարանք վայելող մարդկանց:



 



2001-2006թթ. ռեկտոր  Յուրի Սարգսյանին հարցրինք՝ արդյո՞ք 2005թ., երբ ինքը ղեկավարել է բուհը, կանոնադրությունում կատարվել է նման փոփոխություն, նա պատասխանեց. «Այդ ժամանակ նման բան չի եղել, որ «տեխնիկական» բառը հանվեր կամ փոխվեր։ 2005թ. մենք արել ենք փոփոխություններ բուհի կանոնադրության մեջ՝  կապված խորհուրդների ընտրության կարգի հետ, բայց այդ փոփոխությունների շարքում «տեխնիկական գիտություններ» բառերը չեն հանվել, նման բան ես չեմ հիշում»։ Հաջորդ ռեկտորը՝ Ոստանիկ Մարուխյանը, որը բուհը ղեկավարել է 2006-2011թթ., տեղեկացրեց. «Ես ռեկտոր եմ ընտրվել 2006-ին, երբ գրված է եղել «տեխնիկական գիտությունների դոկտոր», հետո չնչին փոփոխություններ են եղել՝ կապված վարժարանի հետ, բայց «տեխնիկական» բառը չի հանվել կամ փոխվել»։



Վերջին նյութին ի պատասխան, ստացել ենք  Ճարտարագիտական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի գրությունը, ով ուղարկել է կառավարության որոշումների լուսապատճենները եւ մի բարոյախրատական ճառ կարդացել մեր գլխին, թե «լրագրողական էթիկան պահանջում էր, որ փաստերը ստուգվեին ոչ թե նախկին ռեկտորների հիշողությանն ապավինելով, այլ ՀՀ կառավարության որոշումներն ուսումնասիրելով եւ հղումներ անելով»: Լուսապատճեններից պարզվում է, որ կառավարության որոշման մեջ փոփոխությունը կատարվել է 2005-ին, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում, եւ Բալաբանյանի կեղծիքն էլ չի փոքրանում: Նախ փաստ է, որ որեւէ քննարկում բուհում տեղի չի ունեցել: Ոչ 2005-ին ռեկտոր աշխատած Յուրի Սարգսյանը, ոչ այդ տարիներին բուհում դասավանդող Ոստանիկ Մարուխյանը, ոչ մեզ դիմած մյուս դասախոսները նման բան չեն հիշում: Ավելին՝ 2006-ին ռեկտոր ընտրված Մարուխյանը, ով տեխնիկական գիտությունների դոկտոր է, հենց այդ կանոնադրությամբ է դարձել ռեկտոր, եւ քիչ հավանական է, որ չհիշեր կամ մոռացած լիներ այդ կարեւոր պահը: Անգամ եթե ընդունենք, որ բոլորը միանգամից մոռացան այս պահը, խնդիրը գաղտնիության պայմաններում կատարված փոփոխության մասին է՝ բուհի գործունեությանն առնչվող կարեւոր հարցում ինչո՞ւ են խախտել կանոնադրությունը եւ առանց ռեկտորին, աշխատակազմին, գիտխորհրդին, կանոնադրական հանձնաժողովին տեղյակ պահելու ու մասնակից դարձնելու փոխել այս կետը: Այս առնչությամբ բուհի նախկին դասախոսներից մեկը՝ Գարիկ Ադամյանը, նամակ է հղել վարչապետին. «2001թ. ՀՊՃՀ-ի գիտխորհրդում լուրջ քննարկման է ենթարկվել եւ ընդունվել կանոնադրություն, ըստ որի՝ ՀՊՃՀ-ի ռեկտոր կարող է դառնալ բուհում դասավանդման մեծ փորձ ունեցող, տեխնիկական գիտությունների դոկտոր եւ/կամ պրոֆեսոր: Սակայն միայն հիմա ենք հայտնաբերում, որ կառավարությունում հաստատված այս կանոնադրությունում (ներկայում այն մեզ հասցված է Ձեր ստորագրությամբ) բացակայում է «տեխնիկական» բառը: Սա էապես փոխում է կանոնադրության էությունը, եւ ստացվում է, որ ՀՊՃՀ-ի պես ինժեներական բուհի ռեկտոր կարող է դառնալ թեկուզ կենսաբանական կամ  գյուղատնտեսական գիտությունների դոկտորը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բացակայում է թե ՀՊՃՀ-ի գիտխորհրդի, թե կառավարության մի որեւէ որոշում, որտեղ գրված լինի, որ կոլեգիալ քննարկման արդյունքում որոշվել է կանոնադրությունից հեռացնել «տեխնիկական» բառը… Ստիպված եմ նշել մի փաստ, որ ՀՊՃՀ-ի իրական կանոնադրությունը ժամանակին ուղարկվել է ԿԳ նախարարություն, եւ նախարարությունում դրա առաջին դիտարկողը եղել է այդ ժամանակ նախարարի տեղակալի պաշտոնը վարող, բուհերի գծով կուրատոր, հենց ինքը` Արա Ավետիսյանը: Եվ, փաստորեն, «տեխնիկական» բառի առկայությունը կանոնադրությունում կխանգարեր Ա. Ավետիսյանին հետագայում հավակնել ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնին»: Այսպիսի բաներ:



 



«Հրապարակ»